29-ամյա ապարանցին եղբորը կալանքից ազատելու համար պատանդ է վերցրել ոստիկանին


02:53 , 6 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

picturepicture5114_33151

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Սևակ Իսպիրյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Քուչակ գյուղի 29-ամյա բնակիչ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում դանակով ու փայտով զինված հարձակում է գործել ոստիկանության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում տեղակայված պահակետում իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկան Վ. Գևորգյանի վրա:

Ոստիկանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Սևակ Իսպիրյանն իր մոտ եղած ծալովի դանակը սեղմել է նրա որովայնին ու պահանջել նրան ամրակցված «Մակարով» ատրճանակը:

Հանդիպելով ոստիկան Գևորգյանի դիմադրությանը՝ Իսպիրյանը քաշքշուկի մեջ է մտել նրա հետ, հարվածել է նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին և, այնուամենայնիվ, հափշտակել է ոստիկանի հաշվեցուցակային «Մակարով» ատրճանակը:

Բացի այդ, Սևակ Իսպիրյանը, ըստ մեղադրանքի, շարունակել է իր հանցավոր գործողությունները, ոստիկան Գևորգյանին պատանդ վերցնելու նպատակով իր կողմից արդեն հափշտակված ատրճանակն ուղղել է ոստիկանի վրա, իր մոտ եղած պարանով կապել է ոստիկանի ձեռքերը:

Իսպիրյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկան Գևորգյանին պատանդ է վերցրել, պահել է որպես պատանդ և նրան ազատելու համար օգնության հասած ոստիկան Նավասարդյանի միջոցով պայման է ներկայացրել ոստիկանության Ապարանի բաժնի ղեկավարությանը, որ կալանքից ազատեն ու իր մոտ բերեն իր եղբայր Ս. Իսպիրյանին, ով այլ գործով մեղադրվել է դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, ոստիկանները արդեն շրջապատել են իրեն, պատանդ Գևորգյանին թողնելով պահակետում՝ Սևակ Իսպիրյանը դիմել է փախուստի:

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սևակ Իսպիրյանը հանձնել է իր կողմից հափշտակված «Մակարով» ատրճանակը:

Սևակ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 218 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով:

Իսպիրյանի խափանման միջոցը կալանավորումն է: