95% Առաքելականներն ու Մնացյալը


20:56 , 5 ապրիլ, 2015

Չլինելով դատավոր և լինելով մեղավոր Աստծո և ոչ մարդկանց առջև` պետք է արձանագրեմ, որ ՀՀ  հայ բնակչության 95% Հայ Առաքելական Եկեղեցու  հետևորդների թերևս մի զգալի տոկոսի հավատքը քրիստոնեության հետ բնավ կապ չունի, իսկ եթե ավելի մեղմ տեսանկյունից դիտարկենք, ապա կարելի է ասել, որ այդ մարդիկ չգիտեն անգամ իրենց քրիստոնեական հավատքի տարրական հիմունքները:
Երևի թե չկա մեկը, ով լսած չի լինի իր դիմացինից հետևյալ արտահայտությունները.
-Ես իմ Աստծուն եմ հավատում
-Իմ Աստվածն իմ խիղճն ա
-Ես իմ Աստծու ցավը տանեմ...
-Աստված մի հատ տիեզերական ուժա, որ...
Հարց է ծագում` այդ ո՞ր Աստծո մասին է խոսք գնում:
Սուրբ Երրորդությա՞ն, թե Քրիստոսի, Ում մասին հարցին, թե Ով է Նա, շատերն ասում են` մարդ:
Իրական քրիստոնյա լինելու համար թերևս բավական չէ եկեղեցի գնալ միայն մոմ վառելու համար կամ էլ բարեկամի կամ ընկերոջ հարսանիքին կամ նրանցից որևէ մեկի երեխայի մկրտությանը: Պետք չէ գումար տալով հանգուցյալի հոգեհանգիստը եկեղեցում անել (այն դեպքում, երբ հանգուցյալը շատ դեպքերում մկրտված էլ չի լինում) և երևալ եկեղեցու քարոզած հավատքին ու ծեսերին հավատարիմ մեկը:
Առավել ևս պետք չէ ամուսնանալ եկեղեցով, որովհետև դա նորաձև է...
Իսկ Պահք պահելուց էլ այն չդիտարկել միայն մարմնական առողջության տեսանկյունից կամ թե ուտելիքի պահք պահել, սակայն տրվել հոգևոր ու զգայական զեխությունների, աջ ու ձախ չհայտարարել  դրա մասին, կարծես թե հերոսական սխրանք է գործվում:
Ու այդքանից հետո ինչ-որ վիճակագրություն է ներկայացվում, որ մեր բնակչության 95 %-ը   Հայ Առաքելական Եկեղեցու  հետևորդ է:
Դա էլ այն դեպքում, երբ օրեցօր աճում ու տարածվում են  Եհովայի Վկաների, Մորմոնների աղանդների հետևորդները, բազմաթիվներն այսօր հաճախում են Ավետարանական եկեղեցու տարբեր խմբերի քարոզներին, հավաքներին:
Այս ամենին զուգահեռ ու ավելի սաստիկ ցավոտ է, երբ բազում մարդիկ բերնեբերան, անհատական ու մասսայական խոսակցություններում ու հարթություններում ամենաջերմեռանդ ձևով  լուտանք են թափում հոգևորկանների գլխին` առանց խտրականության, ունենալով մի քանի վատ կամ սխալ վարքի օրինակ, բոլորին են վարկաբեկում:
Ոմանք էլ իրենք իրենց կոչում են քրիստոնյա, պահաջատեր ու որոշող անձինք և աղաղակում, որ եկեղեցին (նրանց իմացության սահմաններում եկեղեցին միայն հոգևորականներն են) վատն է: Իհարկե, պարզից էլ պարզ է, որ այդ հայտարարությունների մեծ մասն արվում են  այլ կրոնական կամ քրիստոնեական կոչվող այլ ուղղությունների ներկայացուցիչների կողմից կամ դրդմամբ:
Մեղադրում են, թե եկեղեցի է կառուցվում (չցանկանալով նկատել, որ եկեղեցիները կառուցվում են բարերարների և ոչ թե եկեղեցու կամ որևէ հոգևորականի ունեցած գումարների հաշվին), բայց վերը թվարկված ծեսերին գնում են նույն եկեղեցին: Մեղադրում են, որ եկեղեցին փող է ուտում (դա էլ այն դեպքում, երբ պաշտոնական վճար եկեղեցում գործում է միայն մկրտության և պսակի ծեսերի ժամանակ, այն էլ չնչին գումար է դա կազմում, եթե համեմատում ես այդ նույն առիթներին առիթատերերի ծախսած գումարների հետ: Մնացյալ դեպքերում պարտադիր ոչ մի գումար չի նախատեսվում և տրվելիք նվիրատվությունն էլ թողնված է յուրաքանչյուրի հայեցողությանը), սակայն մոռանում են, որ ամեն հարմար առիթի հենց այդ նույն մարդիկ դիմացինին պատրաստ են խաբել, որպեսի մի երկու գրոշ ավել փող աշխատեն:
Մեղադրում են, թե այս կամ այն հոգևորականը իր կուսակրոնության կարգը խախտել է, սակայն հարմար առիթի դեպքում այդ նույն մարդիկ պատրաստ են դավաճանել իրենց կողակցին, կամ էլ  զբաղվել թեթևաբարո կամ լպիրշ կյանքով:
Այսօր գեռակշռում են քննադատները`մոռանալով կամ ուրանալով այն լավն ու օգտակարը, որ այսքան տարիների ընթացքում  արվել և արվում է հենց նույն Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ` լինեն դրանք ծերանոցների, մանկատների, ճաշարանների հովանավորչություն, Հայորդաց տների առկայություն, կրթօջախների հիմնում,  հոգևոր և նյութական մշակույթի, ավանդույթների անաղարտ պահպանում և փոխանցում, բազմաթիվ սոցիալական ծրագրեր, հրատարակություններ: 
Բողոքելով բանակում տիրող վարքից ու բարքից` ցանակնում են հեռու պահել եկեղեցու սպասավորին զինվորականի կողքից, միաբերան քննադատում են հասարակության մեջ տիրող արժեքային համակարգի անկումն ու մարդկային հարաբերություններում ստոր ու անմարդկային դրսևորումները` միաժամանակ  դեմ են քրիստոնեության դասավանդմանը դպրոցներում` մոռանալով, որ այդ նույն հասարակության հիմքերից մեկն է դպրոցը:
Շարքը կարելի է շարունակել բազմաթիվ օրինակներով, սակայն կարծում եմ` այսքանն էլ է բավական:
Ցավալին այն է, որ մեղադրում են մեղադրանքի արժանիները,  սրբությունից են խոսում անառակները
Վերոշարարյալը մի նպատակ ուներ. այն է, որ յուրաքանչյուր ոք փորձի նախևառաջ ինքը ուղղվի, կրթվի ու բարեկրթվի, քանի որ ձեր կողմից քննադատվող եկեղեցու հիմքը ես, մենք, դուք ինքներդ եք, այլ ոչ թե կոնկրետ հոգևորական  միայն կամ եկեղեցու սպասավոր, ով նույնպես մարդ է  և մեղանչող մարդ:
Եվ որպես վերջաբան. յուաքանչյուր քննադատություն առողջ է, եթե այն միտված է ուղղելու կամ առողջացնելուն, գոնե դրանց ճանապարհը ցուց տալուն, հակառակ դեպքում այդ քննադատությունն ավելի շատ զրպարտանք կամ հերյուրանք է դառնում:
Թող որ Քրիստոսի հրաշափառ Հարության լույսն ու ավետիսը մեր սրտերին ու մեր կյանքից ներս խաղաղություն և սեր բերի: