15:55 , 5 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Քրիստոսի հրաշափառ հարության տոնը շոու բիզնեսի աստղեր Հասմիկ Կարապետյանը և Սոնա Շահգելդյանը նշում են մնացած հավատացյալ ժողովրդի նման. կիրակի առավոտյան եկեղեցի, ապա տոնական սեղան` ընտանիքի անդամներով:
Tert.am –ի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը հայտնեց, որ այս անգամ էլ ավանդույթը չի խախտել ու ավելացրեց. «Մայրիկս միշտ շատ ճոխ պատրաստություն է տեսնում, Զատիկը շատ ենք կարևորում ... դե իսկ հետո` ինչպես ասում են` ամեն մարդ իր գործին: Ինձ համար ամենակարևորը` այս օրվա ներքին խորհուրդն է»:
Հասմիկ Կարապետյանը հիշեց, որ մանկության տարիներին, երբ շատ ու շատ երեխաների նման սիրել է ձվերով կռվել տարեկից երեխաների հետ ու միշտ ընտրել է ամենավառ գույնի հավկիթները:
Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայր և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ աղջիկն ու Հակոբյանների ընտանիքը Զատկի տոնը նշում են բոլորի նման` «շատ համեստ ու շատ գեղեցիկ»:
«Ոնց որ Հայաստանում մնացած բոլորը նստում ենք սեղանի շուրջ` գինով, փլավով , բոլորով` հարսներով, փեսաներով, թոռներով հավաքվում ենք մեծ սեղանի շուրջ ու համեստ, բայց շատ գեղեցիկ նշում ենք»,- ասաց երգչուհու հայրն ու պրոդյուսերը։
Tert.am–ը փորձեց այլ հայտնիներից մանրամասներ ներկայացնել այս տոնի անցկացման ավանդույթների մասին, սակայն նրանց գերակշիռ մեծամասնության հետ կապ հաստատել հնարավոր չեղավ, այս թվում նաև` երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով, սակայն, իր Facebook–ի իր էջում տեղադրել է լուսանկարներ, թե ինչպես է «ձու կռվեցնում», ինչպես նաև Զատկի իրենց տան տոնական սեղանը:
Facebook–յան իր էջում նման լուսանկարներ է տեղադրել նաև դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը:



