«Զրո տարբերություն». Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ տարի է անցել


15:45 , 5 ապրիլ, 2015

4c-Լուսանկարը՝-News1

1in.am-ը գրում է.

ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ տարի է անցել: Նախորդ տարվա ապրիլի 3-ին, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանը նախագահին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, որը Սերժ Սարգսյանի կողմից ընդունվել է: Կարճ ժամանակ անց իր արևմտամետ հայացքներով հայտնի Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ շատ մեկնաբանություններ հնչեցին: Այն ժամանակ դեռ գոյություն ունեցող քառյակը (որը հետագայում դարձավ եռյակ) շտապեց այդ հրաժարականը պայմանավորել իր նախաձեռնած հուժկու հանրահավաքների սպառնալիքներով: Հնչեցին նաև տեսակետներ, որ Տ. Սարգսյանի արևմտամետ քաղաքական հայացքներն արժանացել են Ռուսաստանի դժգոհությանը, և որ նրա հրաժարականը թելադրված էր հենց Մոսկվայից:

Ինչ պատկեր է մեկ տարի անց՝ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, քառյակ և եռյակ փաստացի գոյություն չունի, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Տիգրան Սարգսյանի կառավարությունից միայն կադրերով է տարբերվում:

MHM936061

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տնտեսական ցուցանիշների առումով որևէ դրական փոփոխություն չկա: Խաչատրյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի տնտեսության զարգացման և ընդհանրապես իրավիճակի վատթարացման վրա, անշուշտ, իր ազդեցությունն է թողնում նաև ռուսական ռուբլու անկումը և ՌԴ-ում առկա տնտեսական ճգնաժամը: «Այն, որ ասում են իրավիճակը լավացել է՝ ես այդպիսի միտումներ չեմ նկատում: Ընդհակառակը՝ 2014 թվականի համեմատ, 2015-ին սկսել ենք ավելի վատ ապրել»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախորդ կառավարության օրոք՝ 2008-2014թթ. 1.5 միլիարդ դոլարից պարտքը հասել է 4.5 միլիարդի, և այս կառավարության գործունեության հետ կապված կարելի է գնահատական տալ՝ տեսնելով, թե ինչքան պարտք է վերցնում այս կառավարությունը. «Մեր տնտեսությունը ընդհանրապես ժառանգել է մի այնպիսի իրավիճակ, որ արագ կերպով՝ մեկ տարվա ընթացքում այլ ուղղության վրա դնել հնարավոր չի լինի»:

Մեր այն հարցին, թե տեսանելի հաջողություն նկատվո՞ւմ է արդյոք Աբրահամյանի նախաձեռնած ստվերի դեմ պայքարում, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե բյուջեի մուտքերն ավելացած լինեին՝ կարելի էր այդ մասին խոսել, բայց կարծում եմ՝ չեն ավելացել: Հետևաբար խոսել, որ ստվերի դեմ պայքարը տվել է այն արդյունքը, որ մեզ այլևս չի ստիպում, որ պարտքեր վերցնենք ու ներքին ռեսուրսների հաշվին ենք լուծում՝ չկա նման բան»:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում ևս էական փոփոխություններ չեն նկատվել: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սարգսյանի հրաժարականը չի կարելի կապել այն ժամանակ դեռ գոյություն ուենցող քառյակի գործունեության հետ. «Իհարկե, սա կապ չունի Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ, բայց քաղաքական իմաստով ունենք այն, որ հասարակությունն այլևս մրցունակ չէ, կրեատիվ չէ, որի արդյունքում քաղաքական դաշտում տիրում է լիակատար և խորը լճացում: Այս իրավիճակը դեռ բավականին երկար կտևի»,- ընդգծեց Բադալյանը:

Նրա խոսքերով՝ քառյակը չուներ այն ազդեցությունը, որ վարչապետին ստիպեր հրաժարական տալ. այդ որոշումն, ըստ Բադալյանի, արտաքին քաղաքական էր:

Փորձագետը ևս նշեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բացարձակապես չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից. «Բացառությամբ կադրային փոփոխությունների, ինչը բնական է, սակայն տնտեսական քաղաքականության մեջ զրո տարբերություն է: Եվ սա այն պատճառով, որ մեր երկրում վարչապետներից ու կառավարությունից ոչինչ կախված չէ: Մեր երկրում տնտեսական քաղաքականությունը կախված է մեկ մարդուց՝ երկրի նախագահից: Կառավարությունը չի որոշում տնտեսական մենաշնորհները, «փայ մտնելու» ինստիտուտները»,- եզրափակեց նա։