12:48 , 5 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով քրիստոնեության ընդունումից հետո հայերի` զատկական տոնը նշելու ավանդական սովորույթներին, ասաց, որ, անպայման, պետք է հիշել, որ հնում Զատկին հայերը հավկիթը ներկում էին միմիայն կարմիր գույնով, իսկ դրան հաջորդող հաջորդ կիրակի օրը, որը կոչվում է կանաչ կիրակի, նորից ձու են ներկում և նաև` կանաչ:
«Կարմիր, որովհետև կարմիր գույնը թեպետ լայն սիմվոլիկա ունի, բայց տվյալ դեպքում խորհրդանշում է Քրիստոսի արյունը և բազմերանգ գույները տարածված չեն եղել: Սա կտրականապես արգելված չէ, բայց մեր ավանդական կենցաղում միայն կարմիրն է եղել: Եվ որովհետև զատկական տոնին հաջորդող կիրակիները կոչվում են կանաչ կիրակի, կարմիր կիրակի, դրանք տրամաբանական շարունակությունն են զատկական տոնախմբության` գարնան մուտքի, կյանքի զարթոնքի»,- ասաց ազգագրագետը:
Իսկ զատկական ձվերը երփներանգ, մանուշակագույն կամ այլ միջոցներով գունավորելը, հնում ընդունված չի եղել ու ծանոթ էլ չի եղել հայերին:
Ըստ Արմենուհի Ստեփանյանի` նախկինում Քրիստոսի հարությունը խորհրդանշող տոնը շատ ավելի շքեղ է նշվել, քան հիմա, մոտավորապես , այնպես, ինչպես նշում ենք Նոր տարին: Այն ժամանակ տարածված են եղել հատիկավորներից մշակաբույսերից պատրաստված փլավները, իհարկե, հիմնականում բրինձը` չամչով և չրեղենով, որոնք էլ փլավը դարձնում էին այն տոնական:
«Գիտեք, եկեղեցին ինչպես է մեկնաբանում. հատիկը հավատացյալ ժողովուրդն է, իսկ չամիչն ու անուշեղենը Քրիստոսի առաքյալներն են, ովքեր Քրիստոսի լույսն ու հավատն են տարածում ժողովրդի մեջ»,- ասաց Արմենուհի Ստեփանյանը` ավելացնելով,ո ր հնում էլ Զատկի սեղանին պարտադիր եղել է ձուկը, որը վաղ քրիստոնեության շրջանի առաջին ծպտյալ քրիստոնյաների էր:
Հայերը, հնում աչքի չընկնելով ալկոհոլի օգտագործման, կարմիր գինին իրենց զատկական սեղաններին ունեցել են համարյա թե խորհրդանշական իմաստով, քանի որ գինին ունի Քրիստոսի արյան խորհուրդը:
Ըստ ազգագրագետի` զատկական տոնին ավանդույթներում էական մեծ տարբերություններ չեն եղել, բացի մի քանի հնում եղած և արդեն մոռացության մատնված ժողովրդական սովորությունների:
Օրինակ` նախկինում զատկական տոնին սովորություն կար համայնքի հավաքած գումարով որևէ կենդանի, օրինակ` գառ առնել, հորթ, եզ գնել, այն զոհաբերել, և այդ մատաղը բաժանել համայնքի բոլոր անդամների միջև: «Ախար» կոչվող այդ զատկական մատաղին զոհաբերված կենդանու ոսկորներն էլ տանում թաղում էին տնամերձ այգիներում կամ ծառերի արմատների տակ:
«Սա ուներ այն խորհուրդը, որ առնչվում էր Քրիստոսի զոհաբերման, չէ՞ որ խաչի վրա ինքը զոհաբերեց , և որպեսզի այդ կենդանի միսը հարամ չհամարվի, հողի մեջ թաղելը նրա հարության գաղափարի հետ էր առնչվում»,- ասաց ազգագրագետը:
Այս սովորույթը, ըստ նրա, ներկայումս ոչ մի տեղ պահպանված չէ, թեև մի 10-20 տարի առաջ Տավուշի, Լոռու մարզերի որոշ գյուղերում այդ սովորությունը դեռ կար: