Հարթաթաթությունը ոչ միայն ոտնաթաթի տեսքի փոփոխություն է, այլ նաև անհարմարություն, որը հղի է բարդություններով: Դրանցից են ողնաշարային հիվանդությունները` ողերի ճողվածքները, ծռումը, օստեխոնդրոզը, ռադիկուլիտը, կոնքոսկրի հիվանդությունները` կոքսարթրոզը, ինչպես նաև ծնկահոդի հիվանդությունները` մենիսկի բորբոքումը, ձևախեղող արթրոզները, ծնկի հոդախախտը: Թվարկված հիվանդություններից բացի, հաճախ հարթաթաթության հետևանքով առաջանում են հենց թաթի հիվանդություններ.օրինակ` կոշտուկներ, կրունկի ճաքեր, մատների ծռում, նևրոզ:
Սակայն միշտ չէ, որ ոտքերում ծանրության զգացումն ու մկանային ցավը հարթաթաթության ախտանշաններ են:
Հարթաթաթությունը, բոլոր հիվանդությունների նման, համալիր բուժում է պահանջում: Պետք է կանոնավոր կերպով զբաղվել հատուկ մարմնամարզությամբ, հաճախել մերսման պրոցեդուրաների ու հատուկ կոշիկներ հագնել: Դրանք պետք է կիպ գրկեն ոտքերը, ունենան ճկուն ներբան ու ցածր կրունկ:
Խորհուրդ է տրվում կոշիկի մեջ օգտագործել հատուկ միջադիր-սուպինատորներ:
Օգտակար է ավազի վրա կամ էլ նոսր ջրում ոտաբոբիկ քայլելը, ցատկոտելն ու սպորտային խաղեր խաղալը:
Խորհուրդ է տրվում.
-Կանգնել ոտնաթաթերի վրա ու այդ դիրքով 20-30 վայրկյան քայլել: Դրանից հետո ձեռքերը դնել գոտկատեղին ու քայլել նույնքան ժամանակ: Ոտքի մատները ծալել , ձեռքերը` կոնքին, քայլել ներբանների արտաքին կամարին հենվելով` 20-30 վայրկյան: Ներբանի տակ թենիսի գնդակ հարմարեցնել ու նույն դիրքով քայլել ևս մի քանի վայրկյան:
-Պառկել փորի վրա, ձեռքերն առաջ մեկնել ու մեջքն ուղղել: Դրանից հետո գլուխը, ձեռքերն ու ոտքերը միաժամանակ հատակից բարձրացնել ու այդ դիրքում մնալ 5-7 րոպե: Պառկել մեջքի վրա այնպես, որ ոտքերի ու հատակի միջև ստացվի 45 աստիճան անկյուն, այս դիրքը պահպանել 3-5 րոպե, ապա կրկնել 4-6 անգամ: