Հորովելները հայ ազգի նկարագրի անբաժանելի մասն են


21:37 , 4 ապրիլ, 2015

Armenpress.am-ը գրում է.

Հորովելները կատարյալ երաժշտական և խոսքային կառույցներ են, և հայ ժողովուրդը պետք է պարծենա, որ նման երգեր ունի: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ Զավեն Թագակչյանը համոզված է՝ հորովելները հայ ազգի նկարագրի անբաժանելի մասն են կազմում:

Կոմիտասի թանգարան­ինստիտուտում ապրիլի 4­ին անցկացվեց Զավեն Թագակչյանի դասախոսությունը՝ «Հայոց hորովելներ» թեմայով: Զավեն Թագակչյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց հորովելների ստեղծման պատմությունը: Հնչեցին հատվածներ տարբեր հորովելներից, որոնցից մի քանիսը կատարեց նաև Թագակչյանը: Նրա խոսքով՝ հորովելները միշտ էլ գրավել են հայերի և օտարների ուշադրությունը: «Մենք կարող ենք պարծենալ, որ այդպիսի ժողովրդական երգեր ունենք: Ես կազմել եմ հորովելների ժողովածու, որտեղ դրանց 137 նմուշ է տպված: Կոմիտասի գրառումները բոլորը գիտեն՝ նրա ջանքերով հրատարակված է հորովելների 29 նմուշ, իմ ժողովածուն էլ 137 հորովելներ է պարունակում:

Չնայած գութանը տեխնիկական վերազինման հետևանքով դուրս է մղվել կիրառությունից, բայց տարեցների հիշողության մեջ հորովելները մնում են: 1990­98թթ. Վայոց Ձորի մարզում 27 հորովել են կարողացել գրանցել»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ՝ նշեց Զավեն Թագակչյանը: Նա հավելեց նաև, որ վերջերս իրեն հանձնարել էին հորովելը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ­ին, որպեսզի այն ներառվի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:

«Հարցը պետք է դրվի քննարկման: Հետագայում կորոշվի՝ կընդգրկվի՞ ցանկում, թե՞ ոչ»,­ հավելեց նա: Կոմիտասի թանգարան­ինստիտուտում մեծ երգահանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանն ուղղված միջոցառումների շրջանակում պարբերաբար անցկացվում են գրական­երաժշտական հանդիպումներ: Մշակութային հանդիպումները թանգարան­ինստիտուտի համերգային դահլիճում լինելու են պարբերական:

Կոմիտասի թանգարան­ինստիտուտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան­ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը: