17:06 , 4 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտը զեկույց է հրապարակել 2015-ի առաջին երեք ամիսներին Ադրբեջանի ԶՈւ կորուստների և ադրբեջանական բանակում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Դրա համաձայն` Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներն աճել են` կազմելով 19 զոհ: Բացի այդ, զեկույցում պնդում են, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ստիպում է երկրի ԶԼՄ-ների մի մասին իրենց կայքերից հեռացնել չհաստատված կորուստների մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական MeydanTV համացանցային ռեսուրսը:
Ինչպես ասվում է նյութում, հենվելով ադրբեջանական ԶԼՄ-ների, ՀԿ-ների ու երկրի ուժային կառույցների հրապարակումների սեփական մշտադիտարկումների վրա` 2015-ի հունվար-մարտ ամիսներին, ըստ ինստիտուտի, Ադրբեջանի ռազմական ոլորտում արձանագրվել է 19 կորուստ, որից 12-ը` մարտական (11 զինծառայողներ սպանվել են առաջնագծում, մեկը` ականի պայթյունից, ընդ որում` վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է տարվա սկզբից ընդամենը 8 մարտական կորուստի մասին): 19 զոհից 7-ը համապատասխանաբար ոչ մարտական են, որոնց թվում 1-ը` դժբախտ պատահարի, 4-ը` ոչ կանոնադրական հարաբերությունների, 1-ը` զենքի հետ անզգույշ վարմունքի, 1-ը` հիվանդության հետևանքով: Նրանք բոլորն էլ ՊՆ զինծառայողներ էին:
Ինչ վերաբերում է վիրավորվածների թվին, ապա այն կազմում է, ըստ զեկույցի, 5, ընդ որում` նրանցից 3-ը տուժել են առաջնագծում, 1-ը` ականի պայթյունից, 1-ը` ոչ կանոնադրական հարաբերություններից: Նրանք ևս ՊՆ զինծառայողներ են:
Ըստ նյութի` հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Ադրբեջանի ԶՈւ կորուստները (մարտական ու ոչ մարտական) աճել են: Համեմատելու համար զեկույցում մեջբերվում է 2014-ի առաջին երեք ամիսների կորուստների թիվը, որը կազմել է 16 զոհ:
Զեկույցում նշված է, որ մարտական կորուստների աճի պատճառն առաջնագծում լարվածության սաստկացումն է, իսկ ոչ մարտականներինը` ադրբեջանական բանակում զինծառայողների կանոնադրական հարաբերություններում խորացող խնդիրները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ