Գրիգորի Եֆիմովիչ Ռասպուտինը (իսկական ազգանունը՝ Նովիխ) ծնվել է 1869 թվականի հունվարի 21-ին՝ Տյումենի նահանգի Պոկրովսկոյե գյուղում: Մականունը, որ հետագայում դարձել է Գրիգորիի ազգանունը, նրան տրվել է գյուղում՝ շվայտ կենսակերպի և խլիստովյան աղանդի օրգիաներին մասնակցելու համար:
Երիտասարդ տարիքում Ռասպուտինը հաճախ էր հիվանդանում: Վերխոտուրսկի վանք ուխտագնացությունից հետո նվիրվել է կրոնին: 1893 թվականին Ռասպուտինը շրջել է Ռուսաստանի սրբավայրերում, եղել է Հունաստանի Աթոս լեռան վրա, ապա՝ Երուսաղեմում: Կապեր է հաստատել հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչների, վանականների, ուխտագնացների հետ:
1890 թվականին Ռասպուտինն ամուսնացել է Պրասկովյա Ֆյոդորովնա Դուբրովինայի հետ, ով նրան երեք զավակ է պարգևել` Մատրյոնան, Վարվարան և Դիմիտրին: Մատրյոնան հեղափոխությունից հետո գաղթել է Ֆրանսիա, ապա տեղափոխվել է ԱՄՆ: Ռասպուտինի ընտանիքի մյուս անդամների հետ դաժան հաշվեհարդար է տեսել խորհրդային իշխանությունը:
1907 թվականին Ռասպուտինին հրավիրել են կայսերական պալատ, երբ հեմոֆիլիայով տառապող գահաժառանգի մոտ հերթական նոպայի ամենաթեժ պահն էր:
Ժամանակի հետ Ռասպուտինը սկսել է մեծ ազդեցություն ունենալ կայսերական ընտանիքի վրա: Դրա ապացույցն է «նախարարական աթուրմա» անվանումը ստացած երևույթը, երբ Ռասպուտինի անգրագետ գրառումներով և կայսրուհու համառ պնդմամբ ցարը նախարարական պորտֆելներ էր շնորհում մեկ այս, մեկ այն անտաղանդին: Արդյունքում՝ նախարարական խորհուրդը սկսել են կոչել «кувырк-коллегия», ընդ որում՝ կառավարության անձնակազմը հասարակության շրջանում լուրջ հանդիմանանքի էր արժանանում:
Կայսեր մերձավորների շրջապատում Ռասպուտինի դեմ դավադրություն է հյուսվել: 1916 թվականի դեկտեմբերի 30-ին, Ֆելիքս Յուսուպովը (կայսեր զարմուհու ամուսինը), Վլադիմիր Միտրոֆանովիչ Պուրիշկևիչը և մեծ իշխան Դմիտրի Պավլովիչը (Նիկոլայ կայսեր հորեղբորորդին) Գրիգորի Ռասպուտինին հրավիրել են Յուսոպովի պալատ՝ կայսեր զարմուհու՝ պետերբուրգյան հայտնի գեղեցկուհու հետ հանդիպման: Հյուրին մատուցած թխվածքների և ըմպելիքների մեջ նախապես կալիումի ցիանիդ էին լցրել: Սակայն թույնը չի գործել: Անհամբեր դավադիրները որոշեկ են 100 տոկոսանոց միջոց կիրառել. Յուսուպովը կրակել է Ռասպուտինի վրա, սակայն նրան հաջողվել է փրկվել: Երբ Ռասպուտինը դուրս է պրծել պալատից, նրան դիմավորել են Պուրիշկևւչը և Պավլովիչը, ովքեր դիմահար կրակ են բացել նրա վրա: Ռասպուտինը փորձել է ոտքի կանգնել, երբ նրան բռնել են, կապկպել և բեռով լի պարկի մեջ նետել են սառցանաքը:
Ռասպուտինը մահացել է 1916 թվականի դեկտեմբերի 30-ին: Հետագայում դիահերձումը ցույց է տվել, որ երեցը, գտնվելով Նևայի հատակին, հանդգնաբար պայքարել է կյանքի համար, սակայն, վերջիվերջո, խեղդվել է:
Հետաքրքրական է, որ Ռասպուտինը կանխագուշակել էր իր և կայսերական տան մահը. «Քանի ես ողջ եմ, կապրի և գերդաստանը»:
Ռասպուտինի մարմինը թաղվել է կայսերական մատուռի մոտ: Մահվան հետաքննությունը, որ նախաձեռնել էր Նիկոլայ II-ը, այդպես էլ ավարտին չի հասել: 1917 թվականին, ժամանակավոր կառավարության հրամանով, Գրիգորի Ռասպուտինի մարմինը գերեզմանից հանվել և այրվել է:
