15:07 , 4 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Միացյալ Նահանգների ցանկությունը բավարար չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։
Նա տեղին չի համարում այն դիտարկումները, թե Ռուսաստանին ձեռնտու չէ հարցի խաղաղ կարգավորումը, քանի որ ԼՂ հակամարտության խնդիրը պահելով՝ երկու կողմերին էլ իրենից կախվածության մեջ է պահում։
«Ես կարող եմ հակառակ հարցը տալ, ինչու Ադրբեջանին իր դաշնակիցները չե՞ն օգնում հարցը հօգուտ իրեն լուծելու, երբ գիտենք, որ Ադրբեջանը պատրաստ է ամեն ինչ տալ. այդպիսի հարց չկա»,- ասաց նա և նշեց, որ ոչ մի գերտերություն չի կարող միանշանակ հարցին լուծում տալ, առանց կողմերի բալանսը հաշվի առնելու։
«Պետք է մի բան հասկանալ, որ հողը վերցնում են արյունով և պաշտպանում են արյունով։ Ադրբեջանը չկարողացավ դա անել, իսկ մենք կարողացանք և այսօր մեր խնդիրն է միայն պահել դա»,-ասաց նա։
Հարցին, թե ի վերջո ի՞նչը կարող է հետ պահել Ադրբեջանին ժամանակ առ ժամանակ սահմանի վրա արվող սադրանքներից, նախկին նախարարը պատասխանեց. «Մի տարբերակ կա, որ Ղարաբաղը հանձնեք, համաձայն ե՞ք դրան»։
Վաղարշակ Հարությունյանը հավելեց, թե պետք է հասկանալ, որ հակամարտությունները չեն լուծվում 10 տարում կամ 20 տարում։ «Մենք պետք է մինչև ավարտը հասցնենք գործը, ինչքան էլ դա ցավոտ է, ափսոս կորուստներով, բայց կյանքը դա պայքար է»,-եզրափակեց նա։