14:42 , 4 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Երևանի պետական բժշկական համալսարանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դասախոսություն կարդալով հայոց մեծ կոտորածի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունների մասին, ներկայացրեց այն բժիշկների անունները և գործունեությունը, ովքեր մարդասիրական առաքելությունն իրականացնելիս զոհ են դարձել Օսմանյան կայսրության ջարդերի:
Սկզբում Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ ցեղասպանության թանգարան ինստիտուտում հատել են նյութերի 90 հազար միավորի սահմանը. «Չորս տարվա մեջ մենք կարողացանք կրկնապատկել հավաքածուն բնօրինակ նյութերով»,- ասաց Դեմոյանը:
Քանի որ Բժշկական համալսարանում էր դասախոսությունը՝ Հայկ Դեմոյանը խոսեց բժիշկների և աշխարհի տարբեր երկրներում այդ տարիներին գործող հայկական հիվանդանոցների, տպագրված բժշկական պարբերականների մասին, ներկաներին լուսանկարներ ցուցադրելով ներկայացվող նյութի մասին:
Հայկ Դեմոյանը ներկայացրեց նաև այն երիտթուրքերի լուսանկարները, ովքեր մասնակցել Ցեղասպանության գործողություններին:
«Երիտթուրքերի մեծ մասը զինվորականներ էին, բայց նրանց մեջ մեծ մաս էին կազմում հատկապես զինվորական բժիշկները: Նրանց զոհն անպայման պետք է թիրախավորվեր և պիտակավորվեր: Հայերի պարագայում նրանք շրջանառության մեջ դրեցին «հայերը միկրոբներ են», «հայերը հիվանդություն տարածող առնետներ են», «հայերը բակտերիաներ են»: Նրանք այս ձևակերպումներն էին դրել հայերին թիրախավորելիս»,- տեղեկացրեց Դեմոյանը:
Նա ներկայացրեց երիտթուրք Բեհադիմ Շաքիր ոճրագործի լուսանկարը, ով «Ինչպես ոչնչացնել ֆիզիկական արատներ ունեցող նորածիններին» գիրքն է գրել, որը նվիրել է Գրիգոր Զոհրապին (գրքի ձախ մասում ձեռագրով նշված է նվիրվելու մասին), ով նույնպես զոհ է դարձել այդ ոճրագործությունների:
«Ճակատագրի ինչպիսի հեգնանք»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Դասախոսության վերջում Հայկ Դեմոյանին շնորհվեց «Առողջապահություն կազմակերպիչների միավորման» պատվավոր անդամի կոչում:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն էլ լրագրողներին ասաց, որ նմանատիպ դասախոսություն-քննարկումները շատ կարևոր են:
«Այսուհետ մեր դասընթացներում մեծ տեղ կգրավեն հենց այսպիսի թեմաները: Մենք մեր սպասելիքներն ունենք, որ այդ հետազոտական աշխատանքները, որոնք թույլ կտան նոր փաստեր տեսնելու, իմանալու, կնպաստեն նրան, որ կզարգանա այն գիտությունը, որը կոչվում է բժշկության պատմություն»,- ասաց Միքայել Նարիմանյանը: