13:01 , 4 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տներից մեկն է և կոչվում է նաև Զատիկ, քանի որ այն զատում, բաժանում, հեռացումն է մարդուն մեղքերից: Այսօր լրագրողների հետ հանդիպման Մեծ պահքի և Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին խոսեց Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն Քահանա Աբրահամյանը:
«Քրիստոսի ծնունդը մենք մեծ շուքով ենք նշում, սակայն Նա ծնվեց ու աշխարհ եկավ, որպեսզի խաչվի ու հարություն առնի»,- ընդգծեց նա` հավելելով, որ Զատիկը տոնելու ծեսը դարերով փոխանցվել են սերունդներին:
Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոսի կյանքում տեղի ունեցան այն բոլոր իրադարձությունները, որոնք մեծ կարևորություն ուներին նրա առաքելության իրականացման համար. «Մենք հիմա գտնվում ենք սգո շրջանում և փորձում ենք վերապրել այն չարչարանքներն ու դավաճանությունները, որոնց միջով անցավ Քրիստոս` լինելով ամենաանմեղը: Նրա այդ չարչարանքներն էին, որ մեզ փրկություն բերեցին»,- նշեց նա:
Անդրադառնալով Մեծ պահքի Ավագ շաբաթվա վերջին օրերին պահվող ծոմապահությանը` Տեր Զգոնը նշեց, որ ծոմապահությունը սկսվում է հինգշաբթի երեկոյից և տևում մինչև շաբաթ երեկո` մինչև պատարագին մասնակցելն ու հաղորդություն ստանալը:
«Եթե մարդն առողջական խնդիրների պատճառով այդքան ժամանակ չի կարող ծոմ պահել, ապա պետք է գոնե շաբաթ օրն առավոտից մինչև հաղորդություն ստանալը ծոմ պահի»,- ասաց նա:
Տեր զգոնը նշեց, որ անցած տարվանից Արարատյան հայրապետական թեմը հիմք դրեց Հարության տոնին անցկացվող կանթեղներով երթին, որն այս տարի ևս տեղի կունենա: Հավատացյալները Սուրբ Սարգիս եկեղեցուց 1050 կանթեղներով կշարժվեն Հանրապետության հրապարակ: «Արարատ» երիտասարդաց միության անդամ Դիանա Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց են միանալու նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: