12:55 , 4 ապրիլ, 2015
Դուք հավանաբար լսած կլինեք Լոհ Նեսի հրեշի՝ Նեսիի մասին։ Այս արարածի շուրջ տասնամյակներ շարունակ զանազան առասպելներ են հյուսվել։ Շատերը պնդում են, որ սեփական աչքերով են տեսել նրան, բայցևայնպես նրա գոյությունը մինչ օրս ո՛չ հաստատված է, ո՛չ հերքված։ Վերջերս Նեսիի մասին նոր տվյալներ ջրի երես դուրս եկան։ 19-րդ դարից մեզ հասած մի հավաքածուի մեջ գտնվել են Նեսիի արտաքինի նկարագրությանը համապատասխանող մի արարածի բրածոներ։ Դրանք ի սկզբանե պատկանել են գրող ու երկրաբան Հյու Միլլերին, սակայն ներկայումս հնագիտական մեծ կարևորություն ներկայացնող այս նմուշները գտնվում են Ինվերնեսի թանգարանում ու պատկերասրահում։

Այս ուշագրավ բրածոները վերագտնվեցին այն ժամանակ, երբ Լոհ Նես երկրպագուների պաշտոնական ակումբի նախագահը՝ Գերի Քեմփբելը, հրավիրվեց այս թանգարան։ Այս այցի ժամանակ նրա աչքից չվրիպեցին այս բրածոները։ Նա տեսավ որոշակի նմանություն Լոհ Նեսի ու բրածոյացած արարածի միջև ու անմիջապես գիտնականների հրավիրեց, որպեսզի այն ավելի խորն ուսումնասիրության ենթարկվի։

Ինվերնեսի գիտության փառատոնի շրջանակներում հետազոտական թիմեր ստեղծվեցին, որոնք խորացան այս բրածոների ծագումնաբանության բացահայտման դժվարին գործում։ Պարզվեց, որ բրածոն պատկանում է «Pterichthyoides milleri» կենդանատեսակի ներկայացուցիչներից մեկին։ Այս կենդանատեսակը կրճատ կոչվում է Փեսի։ Գիտնականներին հաջողվեց բացահայտել, որ Փեսին ամենայն հավանականությամբ բնակվել է այն լճերի ստորին հատվածներում, որոնք հետագայում կազմել են Լոհ Նեսը։ Ձկների այս նախնին բնակվել է քաղցրահամ ջրերում Պալեոզյան ժամանակաշրջանում՝ 542-251 միլիոն տարի առաջ։ Այս արածները մարդկությանը հայտնի ամենավաղ ծնոտավոր ողնաշարավորներից են:

Այս ձկնատեսակն ստացել է «Pterichthyodes» անվանումը իր թև հիշեցնող ելուստների շնորհիվ։ Հին հունարենում «pterichthys» բառը նշանակում էր թևավոր ձուկ։ Տարածված է այն տեսակետը, որ այս թևերը ժամանակակից ձկների կրծքային վերջույթների նախատիպն են հանդիսանում։ Թանգարանի աշխատակից Քեյթ Մակքուլագը ևս նշել է, որ իրենց թանգարանում գտնվող սույն բրածոներն արտաքուստ շատ նման են Նեսիին։ Գիտնականները չեն պնդում, որ այս բրածոները հենց Նեսիին են պատկանում։ Օրինակ՝ դոկտոր Գրեյը նշել է, որ դրանք կարող են պատկանել Նեսիի նախնիներին։
