Ամերիկահայը 55 օր հրապարակայնորեն ծոմ կպահի ապակե փակ տարածքում (տեսանյութ)


12:12 , 4 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ամերիկահայ Աղասի Վարդանյանն ապրիլի 3-ից սկսել է ծոմ պահել, որը տևելու է 55 օր ու միտված է լինելու մարդկանց ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես նշում է dailynews.com-ը, հետաքրքրական է, որ տղամարդը ծոմը պահելու է ապակե փակ տարածությունում` Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից տարածքում:

Վարդանյանն արդեն ստացել է վանահոր օրհնությունն ու մտել ապակե «վանդակի» մեջ: Հայտնի է, որ տղամարդը մոտ 2 ամիս ջրից բացի ուրիշ ոչինչ չի օգտագործելու:

«Ես չեմ սնվի հանուն նրանց, ովքեր կտտանքների են ենթարկվել, բռնաբարվել են, անարգվել, ուղարկվել մահվան երթերի ու սպանվել: Ես չեմ սնվի, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ժամանակակից Թուրքիայի կողմից դեռևս չճանաչված Հայոց ցեղասպանության հարցին»,- ասել է Վարդանյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 3 մ բարձրությամբ ու 3մ լայնությամբ ապակե «վանդակը» գտնվում է հայկական եկեղեցուն կից, և մարդիկ կարող են գիշեր-ցերեկ տեսնել ծոմ պահողին:

Վարդանյանն իր հետ վերցրել է մաքուր հագուստ, խմելու ջուր, աթոռ ու հեռուստացույց: Հայտնի է, որ նա որոշել է ծոմը 55 օր պահել, քանի որ 55 տարեկան է:

Ամերիկահայը նաև հավելել է, որ նախկինում իրեն հաջողվել է 50 օր նմանատիպ ծոմ պահել, և այժմ ինքը ցանկանում է գերազանցել սեփական ռեկորդը:

Տեսանյութը՝ այստեղ։