Life.panorama.am-ը երգչուհի Էլլա Տարունցի հետ զրույցել է վերջին շրջանում նկատվող պասիվության, ֆիլմերում նրա կերտած դերերի և անձնական հարցերի շուրջ:
Երգչուհին նկատեց, որ իր կարծիքով՝ պասիվ չէ երգարվեստում և անընդհատ նորություններ ունի. «Ես ամեն օր աշխատում եմ ակումբում, իսկ ընդամենը անցյալ տար թողարկվեց իմ՝ «Ապրի Էլլան» ձայնասկավառակը, հիմա էլ արդեն կան երեք նոր երգեր, բայց տեսահոլովակներ չեն լինի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Էլլան: Հարցին՝ ինչո՞ւ տեսահոլովակներ չի ներկայացնի իր հանդիսատեսին, երգչուհին նկատեց. «Տեսահոլովակներ չեն լինի, քանի որ հավես չունեմ»:
Երգչուհին, հաճախ տեսահոլովակներ չնկարահանելով, մտավախություն չունի, որ կմոռացնի իր հանդիսատեսի կողմից. «Նման մտավախություն չունեմ, ոչ թե, որ ես լավագույնն եմ, այլ չեմ վախենում մոռացվելուց, քանի որ ինձ սիրողները այնքան էլ մեծ բանակ չեն կազմում, իսկ իմ երկրպագուների որակյալ քանակը ինձ չի մոռանա, եթե սիրում է: Ես, օրինակ, այսօր լսում եմ շատ երգիչ-երգչուհիների գործեր, ովքեր շատերի համար գուցե մոռացված են, բայց եթե ես սիրում եմ, ուրեմն ես չեմ մոռանա ու կշարունակեմ լսել նրանց»,- պատասխանեց երգչուհին:
Էլլան չի սրտնեղում նաև քննադատություններից ու, իր խոսքերով, դրանց նորմալ է վերաբերվում. «Առաջ ծանր էի տանում, հիմա այլևս չէ, քանի որ տարիների ընթացքում սկսեցի կյանքում շատ ավելի ուրիշ բաներ կարևորել, կյանքի այլ արժեքներ գնահատել: Ավելին ասեմ՝ ես հաճախ վատ քննադատություններից բացի չեմ արժևորում նաև իմ հասցեին հնչած այն լավ խոսքերը, որոնք մարդիկ ասում են այդ պահին, բայց կարող են շրջվել և ուրիշ բան խոսել: Ես իմ գնահատականը ուրիշ տեղ եմ փնտրում»,-նկատեց երգչուհին,:
Life.panorama.am-ի այն հարցին, թե կոնկրետ ում գնահատականն է արժևորում Էլլա Տարունցը, պատասխանեց. «Ես ամեն օր աղոթում եմ, որ Աստված ինձնից չվերցնի հավատքս, աղոթում եմ, որ առողջ և հարուստ լինեմ»:
Անդրադառնալով դերասանական կարիերային՝ երգչուհին պատասխանեց, որ դեռևս չկան գայթակղիչ առաջարկներ՝ հավելելով, որ առաջարկների դեպքում չի հրաժարվի դրամատիկական կերպարներ կերտել, քանի որ, նրա խոսքերով, վստահ է իր ուժերի վրա: Իսկ այն, որ մինչ այս նրան վստահել են միայն հումորային դերեր, երգչուհին պայմանավորեց այն հանգամանքով, որ իր հետ համագործակցող ռեժիսորներն իր ընկերներն են ու ծանոթ են իր հումորին:
Տեղեկանալով, որ երգչուհին արդեն հասուն որդի ունի, Life.panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է նա իրեն պատկերացնում սկեսուրի դերում. «Ինձ համար ամենակարևորը տղայիս երջանկությունն է: Տղայիս միայն խորհուրդ եմ տալիս ընտրել գեղեցիկ ու խելացի աղջիկ, որպեսզի շարունակի մեր գեղեցիկ գենն ու չձանձրանա: Խիստ սկեսուրի դերի մասին չեմ մտածել, քանի որ կարծում եմ դեռ վաղ է դրա մասին մտածելը, ամեն դեպքում չեմ պատրաստվում ապագա հարսիս ու տղայիս հետ ապրել, իսկ իմ խորհուրդները եթե ցանկանան, կընդունեն»:
