04:20 , 4 ապրիլ, 2015
Lurer.com–ը գրում է.
Հայ Առաքելական եկեղեցին կողմ է, որ մեռելոցի օրերը պահպանվեն որպես ոչ աշխատանքային օրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգայի ն հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Մեր ընկալումով մեռելոցները պետք է մնան, հիշատակի օր կդնեն անունը, թե մեռելոց, կարևոր չէ, կարևորն ավանդությունն է՝ թե հոգևոր, թե հանրային իմաստով: Աստվածաբանական իմաստով՝ մենք չենք հավատում, որ մեր սիրելիները մահացած, ոչնչացած են, այլ, որ նրանք ննջեցյալներ են: Ննջած են, ինչպես մենք ենք մի օր լինելու: Մենք անընդհատ աղոթք ենք անում նրանց համար որպես ապրողների, եկեղեցին իր բարեխոսությունն է հայցում նրանց համար՝ ի վերջո Սուրբ հարության օրվան արժանանալու: Իսկ հանրային իմաստով՝ սա հնարավորություն է ստեղծում մարդկանց համար իրենց հարգանքն ընծայելու իրենց սիրելիներին: Մենք իրավունք չունենք մարդկանց զրկելու այդ իրավունքից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտն եց Բագրատ Սրբազանը:
Հոգևորականի խոսքով՝ եթե տոների և հիշատակի օրերի ցանկում փոփոխությունների հարց է բարձրացվում, ապա կան տոներ, որոնք չպետք է ոչ աշխատանքային հռչակվեն: «Օրինակ, մայիսի 1-ը հռչակված է չաշխատելու օր, աշխատավորների օրը չե՞ն աշխատում: Աշխատելու օրը երկու անգամ ավելի պետք է աշխատել, որ ցույց տաս, թե ինչքան նվիրական է աշխատելը»,-ավելացրեց Սրբազանը: