Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համար


22:45 , 3 ապրիլ, 2015

Ադրբեջանցի երգչուհուն խիստ քննադատության են ենթարկել հայի հետ «սելֆի» անելու համարPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանական մամուլում հերթական անգամ կոչեր են հնչել «հայերից հեռու մնալ», իսկ հայերի հետ նվազագույն առնչությունը բնութագրվել է որպես «Ադրբեջանի շահերի դեմ հանցավոր համագործակցություն»: Բացի այդ, խիստ քննադատության են ենթարկվել մշակույթի ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք երբևէ լուսանկարվել են ու սոցցանցերում «սելֆի» հրապարակել հայերի հետ: Այս անգամ սեփական հայրենակիցների հասցեին մեղադրական հոդվածով է հանդես եկել լրագրող Գյունել Մեհդին: Հոդվածը հրապարակվել է ադրբեջանական «Գյունդելիք Բաքու» թերթում:

Հեղինակը հիշեցնում է, որ ավելի վաղ ադրբեջանական քննադատության թիրախ է դարձել Ադրբեջանի վաստակավոր արտիստ Այբենիզ Հաշիմովայի դուստրը` Այնիշան Գուլիևան, որը համարձակվոլ է լուսանկարվել հայերի հետ: Հեղինակը նաև հիշատակում է «Նոր աստղ 10» երգի մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Ռահիմովայի դեպքը. վերջինս սոցցանցերում «սելֆի» էր հրապարակել հայի` Լևոն Հարությունյանի ու վրացուհու հետ` մեկնաբանելով . «Բոլոր կովկասցիները` միասին»:

Հեղինակը մեղադրանքներ է հղում նաև հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին` պնդելով, թե իբր միջոցառումներից մեկի ժամանակ Յունուսը նստել է հայերի կողքին: Հոդվածագիրը սա որակում է «դավաճանական քայլ»:

Մեհդիի խոսքերով` «հայը չի կարող լավը լինել», ուստի նա կոչ է անում իր հայրենակիցներին «խուսափել հայերից, ոչ մի դեպքում ֆիլմեր չնկարահանել նրանց հետ, համերգներ, խնջույքներ ու միջացառումների չգնալ հայերի հետ, նրանց կողքին չնստել ու չլուսանկարվել այդ ազգի ներկայացուցիչների հետ»:

Հիշեցնենք, որ ժամանակին Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանթ Դադաշևան սուր քննադատության զոհ է դարձել, երբ մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե վերջինս ԱՄՆ-ում աշխատող հայերի կողմից կազմակերպված Big Apple Music Awards մրցանակի է արժանացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ