18:39 , 3 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ամենաթույլ օղակը պաշտպանությունն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» ի պատասխան հարցի, թե Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ամենաթույլ օղակը պաշտպանությո՞ւնն է, համաձայնեց լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
«Պետք է գտնել այս պաշտպաններին, որովհետև հնարավոր չէ, որ կիսապաշտպանությունը լավը լինի, հարձակումը, իսկ պաշտպանություն չունենանք»,-ասաց Խորեն Հովհաննիսյանը:
Նույն հարցին պատասխանելով՝ մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի ֆուտբոլային ակումբի անդամ Սերգեյ Բոնդարենկոն ասաց. «Պետք է նենց տղա ընտրվի, մի չորս տղա, որոնք ոնց որ իրենց տան թասիբին են կանգնում, մամային ոնց կպաշտպաներ, նույն ձևի էլ պետք է մեր դարպասը պաշտպանվի, որ Հայաստանի դարպասը չպիտի թողնես, որ գոլ անցնի»,-բանաձևեց Սերգեյ Բոնդարենկոն և ավելացրեց, որ դրա համար սիրտ ու հոգի է պետք:
Թե ինչու հաջողությունը չի այցելում մեր հավաքականին, ֆուտբոլիստը չգիտի, որովհետև ասաց, որ տղաները ինչ կարողանում են, անում են:
«Հայաստան -Ալբանիա» խաղի մասին էլ նա ասաց, որ չգիտի ինչ պատճառով, այդ խաղը չստացվեց, տղաներն էլ թույլ խաղացին, ի տարբերություն այլ խաղերի, որ հոյակապ ստացվում են:
Սերգեյ Բոնդարենկոն էլ հասկացել է, որ պատճառն այն է, որ «մարզիչը չկա»: Իսկ որ դրսից մարզիչներ են համարում, համարում է մոդայիկ:
Խորեն Հովհաննիսյանը, ի պատասխան հարցի, թե իրեն չի առաջարկվե՞լ այդ պաշտոնը, հիշեցրեց, որ մինչև 1998 թվականը եղել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը, և այսօրվա դրությամբ համարում է, որ ճիշտը հայ մարզիչ հրավիրելն է:
Օգտատերերից մեկն էլ հարց ուղղեց, որ ժամանակին խոսակցություններ էին շրջանառվում, որ Խորեն Հովհաննիսյանը խաղ էր վաճառել, ինչպես նաև այն, որ Հայաստանից նեղացած՝ հեռացել է:
«Մի գունդ պանիր է, ինչ, որ վաճառեմ» ,-ասաց Խորեն Հովհաննիսյանը և ավելացրեց, որ Հայաստանից էլ չի նեղացել, ուղղակի առ ժամանակ այստեղ չի եղել, աշխատել է այլ երկրներում:
Բոնդարենկոն էլ, ով Խորեն Հովհաննիսյանին համարում է «հոյակապ հայ տղա, Հայաստան սիրող» ավելացրեց, որ նման խոսակցությունների շարժիչ ուժը նախանձն է: