Ապրիլմեկյան կատակ, որ «սկանդալային բացահայտման» տեղ անցավ


18:07 , 3 ապրիլ, 2015

Ապրիլմեկյան կատակ, որ «սկանդալային բացահայտման» տեղ անցավAravot.am-ը գրում է.

Կարեն Միրզոյան անունով Ֆեյսբուքյան օգտատերը ապրիլի 1-ին մի շատ հաջողված կատակ էր արել: Մի հրաշալի պատմություն էր հորինել Թումանյանի Գիքորի մասին, որն, իբր, ոչ թե թոքաբորբից մահացավ, այլ մեծացավ եւ դարձավ հայտնի քրեական հեղինակություն… 

Karen_Mirzoyan

Այնքան մանրամասնություններ է ներկայացրել Կարեն Միրզոյանն իր այս հորինվածում, այնքան ծանոթ եւ անծանոթ անուններ է մեջտեղ բերել, այնպիսի նուրբ դիտարկումներ է արել, որ հարյուր հազարավոր մարդիկ կատարյալ ճշմարտություն են ընդունել այս պատմությունը: 

Պատմության հետ էլ դրված էր իտալական արմատներով ամերիկյան գանգստեր, մաֆիոզի Ֆրանկ Կոստելլոյի նկարներից մեկը: 

frank costello

Ամբողջ զավեշտն այն է, այս պատմության մեջ, որ բազմաթիվ կայքեր հրապարակեցին այս պատմությունը, ընդ որում, նրանցից շատերը դա արեցին արդեն ապրիլի 2-ին, անգամ՝ 3-ին… Եվ մարդիկ շարունակում էին տարածել Թումանյանի Գիքորի, ավելի ճիշտ Միրզոյանի «Գոքորի» կամ «Գոգա Շրամի» մասին պատմությունը:

Հեղինակի անունը կայքերից որոշները մոռանում էին նշել, որոշներն էլ՝ այնքան աննկատ տեղ էին գրում, որ ընթերցողները դժվար էլ նկատեին: Ու քրեական հեղինակության «սկանդալային» եւ «սենսացիոն» պատմությունը այսօր թեւածում է աշխարհով մեկ:

Ապրիլի 1-ը, թվում է, թե մեր կյանքում դարձել էր ժամանակավրեպ, քանի որ մարդիկ այնքան էին իրար խաբել ու խաբվել, որ այլեւս ոչ ոք ոչ մեկին չէր հավատում, սակայն Կարեն Միրզոյանը ապացուցեց, որ բավական է մի քիչ գեղեցիկ փաթեթավորես սուտը եւ այն կանցնի կատարյալ ճշմարտության տեղ: