18:04 , 3 ապրիլ, 2015
Շատերը պատկերավոր համեմատություն են կատարում արևի ու ձվի դեղնուցի միջև։ Այս լուսանկարը դիտելիս հասկանում ես, որ այդ համեմատությունն իսկապես տեղին է։ Այս լուսանկարում ասես ճուտիկ պատկերված լինի, այնինչ իրականում սա արևի մի հատվածն է։ Այս հետաքրքիր լուսանկարի հեղինակը Գորդոն Էվենն է։ Թեպետ Գորդոնը դեռևս մանկուց է հետաքրքրված եղել աստղագիտությամբ ու իր առաջին աստղադիտակը գնել է 10 տարեկանում, նա այլ մասնագիտություն է ընտրել և միայն սիրողական մակարդակով է զբաղվում աստղագիտությամբ։

Արևի մակերեսի վրա նմանատիպ գոյացությունները հազվադեպ չեն։ Դրանք հայտնվում են, երբ մագնիսական դաշտերի կոնցենտրացիայի (կենտրոնացում) արդյունքում արևի մակերեսի ջերմաստիճանն անկում է։ Ջերմաստիճանի տատանման հետևանքով արևի մի հատվածն առանձնանում է մնացած մակերևույթից։ Գորդոն Էվենն ինտերնետում բում առաջացրած այս լուսանկարը նկարել է՝ օգտագործելով Հերթֆորդշիրում գտնվող իր տան բակի աստղադիտակը։ Պրն. Էվենը, ով 57 տարեկան է, 5 տարի առաջ՝ աշխատանքից ազատվելուց հետո, իր բնակավայրը վերածեց մինի աստղադիտարանի։ Թեպետ լուսանկարը նկարվել է դեռևս մարտի տասին, այն միայն վերջերս է հայտնվել ինտերնետում, ինչից հետո էլ տարբեր լրատվամիջոցներն ու անհատները սկսել են տարածել այն մեդիայում ու սոցցանցերում։ Թեպետ պրն. Էվենին չի հաջողվել պրոֆեսիոնալ աստղագետ դառնալ քիմիայի թույլ իմացության պատճառով, նա ուրախ է, որ այս լուսանկարից հետո աստղագիտության ոլորտի իր սիրողական գործունեության մասին սկսել են հրապարակումներ հայտնվել աշխարհի մի շարք երկրների լրատվամիջոցներում։
![]() |
![]() |