17:11 , 3 ապրիլ, 2015Ավագ շաբաթվա տոնակատարությունները մեկնարկել են դեռևս շաբաթվա սկզբին։ Ավագ շաբաթը Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթն է։ Աշխարհի հինգ մայրցամաքներում մի շարք կրոնական շքերթներ և բազմազան միջոցառումներ են տեղի ունենում այս տոնի կապակցությամբ։ Ավագ շաբաթվա շրջանակներում Հռոմի պապը երեկ այցելեց Հռոմի կալանավայրերից մեկի բանտարկյալներին։ Այս այցի ժամանակ նա ևս մեկ անգամ ցույց տվեց իր ջերմեռանդությունն ու բանտում ոտնլվայի արարողություն արեց։ Նա մեկ առ մեկ մոտեցավ մի խումբ բանտարկյալների ու կռանալով նրանց առաջ՝ լվաց նրանց ոտքերը։ Նախքան ոտնլվան Հռոմի պապը Ավագ հինգշաբթի Վերջին ընթրիքի պատարագն էր մատուցել բանտում։

Մինչ Հռոմի պապը ոտնլվայով էր զբաղված, Ֆիլիպիններում հազարավոր ապաշխարողներ իրականացնում էին ինքնաձաղկման ավանդույթն ու արյունլվիկ անում իրենց։ Նրանք շղթայակապ պառկել էին փողոցներում ու ծնկելով աղոթում էին մատուռների առաջ։ Ինդոնեզիայում կաթոլիկները բնակչության ընդամենը 3 տոկոսն են կազմում։ Ինդոնեզիայի կաթոլիկները Քրիստոսի խաչելության բեմադրությունն էին կազմակերպել Ճավա կղզում։ 3 մարդ խաչ էին հանվել կղզու կենտրոնական հատվածում։

Կրոնական տոնակատարությունները շարունակվում են նաև Իսպանիայում։ Հարյուրավոր քրիստոնյաներ մոմավառություն ու քայլերթ էին կազմակերպել Զամորայի փողոցներով։ Ուրուգվայում քրիստոնեական միջոցառումներն ավելի շատ կառնավալային բնույթ էին կրում։ Երկրի մայրաքաղաքում «գուաչո» անվանմամբ հայտնի կովբոյները մրցում էին Զատիկի ռոդեոյի ժամանակ։ Տոնակատարությունների ավարտը կազդարարվի Սուրբ Հարության տոնով (Զատիկ)։








































