13:32 , 3 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Tagesspiegel գերմանական օրաթերթն ապրիլի 1-ի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը: Հիմնական հարցադրումն է. «Ինչո՞ւ է կոալիցիայի հայցադիմումից անհետացել «ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում կներկայացվի Բունդեսթագի
քննարկմանը»:
Հեղինակներ Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» խորագրով հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:
«Դաշինք 90-Կանաչներ» քաղաքական ուժի դաշնային համանախագահ Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարում Թուրքիայի և նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի կոալիցիայի վերաբերմունքը:
«Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցից անմիջապես առաջ Բունդեսթագում անհամաձայնություն կա հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու շուրջ: Մինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում և
կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան:
Ինչպես երևում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերը որակել իբրև ցեղասպանություն»,- նշում են հոդվածագիրները:
Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին թեմայի շուրջ մեկ ժամանոց քննարկում/նիստ է հրավիրված Բունդեսթագում, որին իշխանական կոալիցիան և ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն:
Հեղինակները մանրամասնում են, որ Միության (ՔԴՄ-ՔՍՄ) և սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը, «ցեղասպանություն» եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տասը տարի առաջ Բունդեսթագի
ընդունած բանաձևում էր:
Վիճահարույց հասկացությունն անհետացել է կոալիցիայի պատրաստած տեքստից, Գերմանիայի օրենսդիր մարմնում անցած ամիսներին բոլոր խմբակցություններից պատգամավորներ ընդգրկող ոչ պաշտոնական աշխատանքային մի խումբ տարելիցի կազմակերպման շուրջ քննարկումներ է անցկացրել:
Ջեմ Օզդեմիրի ու Բունդեսթագի փոխնախագահ, ձախերից պատգամավոր Պետրա Պաուի համար պարզ է, որ իրենք իրենց խմբակցություններով ցանկանում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:
ՔԴՄ-ՔՍՄ և Գերմանիայի ՍԴԿ խմբակցությունների զեկուցողները՝ համապատասխանաբար, Քրիստոֆ Բերգներն ու Դիթմար Նիթանը, ցանկանում են ավելին անել, քան սրանից 10 տարի առաջ է արվել:
Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին իշխող կոալիցիայի պատրաստած համատեղ զեկույցում «ցեղասպանություն» բառը տեղ էր գտել տեքստի վերտառությունում: Խմբակցությունների ղեկավարության և ԱԳՆ հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն, այսպես կոչված վիճահարույց հասկացությունը կրկին անհետացել է:
Կոալիցիայի պատգամավորներն իրենց հաջորդ նիստի ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն հայցադիմումը: Ըստ Tagesspiegel-ի հրապարակման՝ հավանական է, որ «ցեղասպանություն» եզրույթը կրկին միայն հիմնավորման մեջ հիշատակվի:
Սոցիալ-դեմոկրատ Նիթանը ցավալի է համարում իրողությունը. «Անձամբ ես հիասթափված եմ, որ, ըստ էության, կարևոր պահին համարձակության պակաս կա՝ մի անգամ արտաբերելու այն, ինչն իրականում տեղի է ունեցել»:
Նա հավատացած է, որ եթե Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանությունը բաց տեքստով անվանի, դրանով կամրացնի Թուրքիայի այն քաղաքացիական հասարակության մեջքը, ով ջանք է գործադրում առերեսման ուղղությամբ: Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերևից կարգադրվել. այն տարածություն և ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխան հասարակությունում:
Նա միևնույն ժամանակ ողջունում է, որ «հայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը» մի քանի տարի է՝ տաբու թեմա չեն Թուրքիայում և դրանց մասին բաց և քննադատական քննարկում է տարվում:
ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թվականների հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն և գնահատվեն: Ջ. Օզդեմիրն այս առումով հիշեցնում է հայերի ցեղասպանության իրագործման հարցում Կայսերական Գերմանիայի մեղքը:
Հոդվածի հեղինակները նշում են, որ կանաչների քաղաքական գործիչն իր կուսակից Էքին Դելիգյոզի հետ վերջերս եռօրյա այցով Հայաստան էր մեկնել:
Օզդեմիրը համարում է, որ ապրիլի 24-ի առիթն արժանի չէ նրան, որ այդ օրը Հայաստանում ոչ թե կանցլեր Անգելա Մերկելն է լինելու, այլ պետնախարար Ռոթը:
Նա հավատացած է, որ Գերմանիան իր դիրքորոշման փոփոխությամբ շատ դրական տեղաշարժ կապահովի տարածաշրջանում՝ այսպիսով ճնշում գործադրելով Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և հայ-թուրքական սահմանի բացման հարցում. «Փոխարենը Հայաստանին էլ ավելի նետելու Ռուսաստանի ձեռքը, Թուրքիայի հետ սահմանի բացումը Երևանի համար կարող է նաև դեպի Եվրոպա դարպաս լինել»։
Նշենք, որ Tagesspiegel-ի այս հրապարակումը արտատպել է նաև հայտնի
Zeit օրաթերթը: