12:42 , 3 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ բոլոր հավատացյալների համար այս շրջանը՝ ավագ շաբաթը, կարևոր է, քանի որ Քրիստոսի չարչարանաց շաբաթն է և կապված է մեր Տիրոջ տերունական օրերի հետ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա նշեց, որ պետք է կարողանալ գոնե այս շրջանում աստվածային օրհնված գաղափարներ արտահայտել։
«Կուզենայի այս շրջանը կոչվեր հաշտության, ներողության, ներողամտության, սիրվելուց առաջ սիրելու շրջան։ Զուտ ծիսական առումով, ավագ հինգշաբթիից է սկսվում տերունական ճամփորդությունը։ Ավագ հինգշաբթի օրը տեղի է ունենում ոտնլվան, այսօր խաչելիության և թաղման խորհուրդն է տեղի ունենալու։ Ինձ համար կարևոր նշանակություն է ունեցել այս ժամանակահատվածը, և մշտապես իմ մտածումը, կենտրոնացումը եղել է Տիրոջ՝ դեպի խաչը գնալու ճանապարհին։ Արարիչը մատնվեց արարածի կողմից և դա մեծ ուսուցումն է մեր կյանքի»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ Տերը համբույրով մատնվեց հանուն փողի և այն ժամանակներից ի վեր շատ բան չի փոխվել մեր կյանքում։
«Մարդիկ նույն զգացումով են ապրում, հաճախ իրար մատնում են հացով ու համբույրով։ Պետք է այս շաբաթվա ընթացքում վերաիմաստավորել կյանքը։ Մենք պետք չէ զբաղվենք ինքնահնար քրիստոնեությամբ, մեր ընկալումը ոչ միայն Քրիստոսի արժեքներն են, այլ հենց Քրիստոսը։ Իմ հորդորն է՝ ամենի մեջ տեսեք Քրիստոսի անձը»,- ասաց նա։
Տեր Բագրատը նաև նշեց, որ բոլոր նրանք, ովքեր պաս են պահել, անհրաժեշտ է, որ շաբաթ երեկոյան կամ կիրակի առավոտյան հաղորդություն ստանան։
«Մեծ պահքի շրջանը իմաստ չի ունենա եթե հաղորդության խորհրդով չավարտվի։ Դրանով է ամբողջը իմաստ ու բովանդակություն ստանում։ Ճրագալույցի երեկոն՝ շաբաթ երեկոյան հավատացյալները պետք է այցելեն եկեղեցի ու Քրիստոսի Հարության լուրը միմյանց ավետեն»,- ասաց նա։