11:39 , 3 ապրիլ, 2015
Քանի դեռ թաքնված ենք ապրում, քանի դեռ մտածում ենք միայն նեղ անձնական, խմբակային, կուսակցական շահերից ելնելով, քանի դեռ արդարությունը պահանջում ենք մեր հատվածով, այլ ոչ թե ամբողջ մարդկության համար, ոչ մի արդար դատի էլ չենք արժանանա։ Արդարությունը համամարդկային և տիեզերական արժեք է, որը չի կարելի օգտագործել սեփական շահերի համար։ ԱՄՆ –ի կողմից հերթական անգամ հրթիռակոծվում է մեկ այլ երկիր, և ոչ ոք չի ցանկանում ըմբոստանալ նրա այդ սանձարձակ վարքի վրա։ Այսքա՞նն է մեր արդարության գիտակցությունը։ Սա՞ էր մեր դարերի խորքից գալու և լուսավոր ապագա գնալու նպատակը։ Միացյալ Ազգերի Կազմակերպությանն արհամարհող անգլոսաքսոնական վիշապին ո՞վ է գլխատելու։ Խոսակցությունը հենց որ հասնում է այնտեղ, թե ով ենք մենք, միանգամից մեզ բարձր ենք կարգում աշխարհի բոլոր ազգերից, թե՛ առաջինը լինելու, թե՛ ամենից խելոքը լինելու, թե՛ ամեն ինչի մեջ։ Կեղծավորությունը չափ ու սահման չի ճանաչում մեր պարագայում։