11:10 , 3 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը մոտ ժամանակահատվածում միասնական արժույթ չի ունենա։ Նա նաև ռուս փորձագետներին մեղադրել է, որ փորձում են արհեստականորեն ակտիվացնել այդ թեման, գրում է Независимая газета-ն։
«Դա վերջին գործողությունն է, որը հնարավոր է մեր միության մեջ։ Դեռ այնքան խնդիրներ ու մարտահրավերներ ունի ԵՏՄ-ն, որ դեռ հարց է՝ կդիմանա՞նք մինչև ազգային արժույթի ստեղծումը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա պատմել է, որ «մաքսային եռյակի» նախագահներն Աստանայում քննարկելով միասնական արժույթի թեման՝ քննարկել են հեռանկարը։ «Սակայն միասնական արժույթ մտցնելու հարց չի եղել՝ անգամ հեռանկարի համար»,- Ռուսաստանի նախագահի հայտարարությունը փաստացի հերքել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ԵՏՄ տարածքում միասնական արժույթ սահմանելն Աստանայում նախագահների եռակողմ հանդիպման գլխավոր սենսացիան էր դարձել, և այդ մասին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։
Մինսկում հիշում են, որ մեկ տարի առաջ, երբ դեռ պատրաստվում էր ԵՏՄ-ի մասին համաձայնագիրը, նախատեսվում էր փաստաթղթում ներառել Եվրասիական կենտրոնական բանկի ստեղծումը։
Հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աղբյուրներին՝ լրատվամիջոցները պատմել էին, որ նոր դրամական միավորը պետք է կոչվի ալթըն և որ բելառուսական կողմն ու անձամբ նախագահ Լուկաշենկոն են արգելափակել այդ հարցը։ Այդ ժամանակ խոսվեց նաև այն մասին, որ միասնական արժույթ սահմանելու հիմնական ժամկետը 2025 թվականն է։
ԵՏՄ տարածքում միասնական արժույթ սահմանելու ժամկետների հարցում Լուկաշենկոյի հետ համաձայն են նաև ոչ կառավարական տնտեսական փորձագետները։ Նրանք համաձայնում են, որ այդ քայլը հնարավոր է կյանքի կոչվի, և ԵՄ-ն դրա ապացույցն է։
«Սակայն պետք է հասկանալ, որ այդ դեպքում երկիրը որոշակի առումով կորցնում է անկախությունը։ Բելառուսին միասնական արժույթը ձեռնտու չէ, չնայած տնտեսական միավորման տրամաբանությունը, ըստ էության, ենթադրում է, միասնական արժույթի ներդրումը։ Այն, ինչ արվել է Եվրոպայում»,- ասել է Բելառուսի ԿԲ նախկին ղեկավար Ստանիսլավ Բոգդանկևիչը։
«Բելառուսական կողմը մինչև վերջին պահը պայքարելու է միասնական արժույթի դեմ»,- կանխատեսում է փորձագետը։
Նախկինում, երբ ռուսական ռուբլին կայունություն էր ցուցաբերում, իսկ Բելառուսն արժեզրկումից արժեզրկում էր անցնում, ոչ քաղաքական գործարար շրջանակներում ափսոսանք էր հնչում, որ միասնական արժույթ, որի մասին Լուկաշենկոն պայմանավորվել էր դեռևս Բորիս Ելցինի հետ, այդպես էլ չստեղծվեց։ Սակայն այժմ, ռուսական ռուբլու արժեզրկումից հետո, որը հարվածեց նաև բելառուսական տնտեսությանը, այդ թեման կորցրել է արդիականությունը։
Բացի այդ, ի պատասխան Մոսկվայի, Ռուսաստանի ու Բելառուսի ժողովուրդների միասնականության օրը՝ երեկ, Լուկաշենկոն հարված հասցրեց ոչ միայն միասնական դրամական միավորի առումով։ Նա հայտարարեց, որ Բելառուսը երբեք Ռուսաստանի հյուսիս-արևմտյան երկրամաս չի լինի, և եթե հարկ լինի, ապա 9.5 մլն ժողովուրդը «մինչև վերջին մարդը» կպայքարի ցանկացած արտաքին ուժի դեմ։