ԵՊԲՀ-ի ուսանողներից գողություն կատարած երիտասարդը խոստովանել է հանցանքը


04:19 , 3 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ապրիլի 1-ին`ժամը 08.40-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք գողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ի ժամը 16.30-ից 16.40-ն ընկած ժամանակահատվածում Արթուր Մ.-ն Երևանի Կորյունի փողոցի 2 հասցեում գտնվող ԵՊԲՀ գրադարանում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1995թ. ծնված Դիշա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, 2 նկար, ուսանողական քարտ, առողջության ապահովագրության քարտ և Հնդկաստանի Հանրապետության բանկային քարտ: Պարզվել է նաև, որ մարտի 31-ին` ժամը 15.10-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նա ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի լսարաններից մեկում 1996թ. ծնված Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: