10 տարի առաջ բռնաբարված և սպանված աղջնակի հայրը սպառնացել է գործով փաստաբանին


22:22 , 2 ապրիլ, 2015

Untitled-101in.am-ը գրում է․

Այսօր մենք անդրադարձել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված` «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործին, ներկայացրել մանրամասներ:

Հիշեցնենք, որ այս գործը վերաբերում էր 6-ամյա մի աղջկա սպանության, որը տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ: Վարդենիսցի աղջնակին բռնաբարել էին, հետո մոտ 10 օր անց նրա դիակը նետել մազութի հորը: Աղջկա սպանության համար մեղադրվեց Նալբանդյանների ընտանիքը: Նախ` ձերբակալվել էր Բագրատ Նալբանդյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա` նրա կինն ու դուստրը:

Այս գործով Նալբանդյանների պաշտպանությունը իրականացնում էր փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմել էր, որ սա իր այն հազվադեպ գործերից էր, որով ինքը դատական երկու ատյաններում էլ չի կարողացել նորմալ պաշտպանություն իրականացնել, անգամ` պաշտպանական ճառ չի ասել, քանի որ դատական բոլոր նիստերին ներկայացել են տասնյակ վարդենիսցի խմած տղամարդիկ և խոչընդոտել պաշտպանական կողմի աշխատանքին: Այս պայմաններով ընթացած դատական նիստերի արդյունքում, փաստաբանի խոսքով, ոչ լիարժեք ապացույցների քննման պարագայում Բագրատ Նալբանդյանը դատապարտվել է 9, իսկ նրա կինը՝ Նարինե Նալբանդյանը, 14 տարվա ազատազրկման:

Սակայն երեկ ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրել է, որ խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Այս գործով, որպես փոխհատուցում, սահմանվել է, ընդհանուր առմամբ, 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արևիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:

ՄԻԵԴ-ի որոշումից ու գործին հերթական անդրադարձից հետո այսօր մի տղամարդ է զանգահարել Սեդա Սաֆարյանին և  անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցրել փաստաբանի ու նրա ընտանիքի հասցեին: Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զանգահարող տղամարդը չի թաքցրել, որ հաշվեհարդարի սպառնալիքները պայմանավորված են հենց այս՝ 10 տարի առաջ անչափահաս աղջկա սպանության գործով: Զանգահարողը եղել է Աղաբեկ Սարգսյանը, ով հանգուցյալ աղջկա հայրն է:

Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն կանխատեսում է, թե հետո ինչ պետք է լինի, ինչ քայլեր են հաջորդելու սպառնալիքներին: «Ես այդ ամենը կանխատեսում եմ: Ես երբեք չեմ թերագնահատել աղջկա հոր դերը այս գործի ձախողումների մեջ և համարում եմ, որ նա միայնակ չի գործում: Մարդիկ կան, որ նրան այսօր դրդել են զանգել և ինձ սպառնալ»,-  ասաց տիկին Սաֆարյանը:

Նշենք, որ սպառնալիքների մասով արդեն հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, որոնք պետք է հաջորդիվ զբաղվեն գործով և փաստաբանի պաշտպանությամբ: