ՀՀԿ-ն հայկական քաղաքական ներկապնակում տղամարդ քաղաքական ուժ է, որին կարելի է վստահել և հենվել. Արմեն Աշոտյան


21:39 , 2 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատմությունն անքակտելիորեն կապված է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության հետ. կուսակցության 25-ամյակի կապակցությամբ Tert.am-ի  զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ լինելով հանրապետության ակունքներում՝ ՀՀԿ-ն ժողովրդի հետ անցել է այս նորագույն պատմության բոլոր էջերով՝ արցախյան գոյամարտ, պետականաշինության առաջին քայլեր, ճգնաժամեր, հաջողություններ, ազգային բանակ, պետության զարգացում և կայացում:

«Մենք մեզ համարում ենք մեր ժողովրդի մասնիկը: Հանրապետականը ժողովրդից ծնված, ազգային-պահպանողական ուժ է»,-ասաց Արմեն Աշոտյանն, ընդգծելով, որ այդ քաղաքական կուսակցության արմատները նաև ընկնում են Խորհրդային Հայաստան, երբ լինելով ընդհատակում՝ հանրապետականներն այդ ժամանակ որպես Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամներ, պայքարել են Հայաստանի ինքնիշխանության համար։

«Դատվել են, մաքառել են, զոհվել են հանուն այդ տարիներին հեռու և ոչ իրատեսական համարվող  գաղափարի»,-ասաց նա։

Աշոտյանը կարևոր է համարում այն, որ կուսակցությանը հաջողվել է որպես քաղաքական ուժ կայանալ, սակայն կայացման աստիճանը միայն իշխանություն լինելը չի համարում:

«Կայացման աստիճան եմ համարում քաղաքական ուժի, միավորման վերարտադրության, քաղաքական ներկապնակում լինելու հաճախությունը և դրա արտահայտումը: Ճակատագրի բերումով մենք երեք կուսակցական լիդեր ենք կորցրել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան: Բազում են դեպքերը, և ոչ միայն Հայաստանի պատմության մեջ, երբ քաղաքական թիմերը, կորցնելով իրենց առաջնորդներին, ի վիճակի չեն լինում վերարտադրվել որպես քաղաքական միավորներ և կորում են»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ Հանրապետականը նաև այդ ողբերգական փորձությունների պատճառով և շնորհիվ կարողացավ նաև ամրապնդվել, իր մեջ ձևավորել իրական կուսակցական կառույցներ, ներգրավվել իրական մարդկանց:

Ինչ  վերաբերում է ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, ապա Աշոտյաննն ասաց, թե ծանոթ է նաև քննադատությանը, որ իրենց կուսակցական շարքերում կա նաև չինովնիկական ապարատ, վարչական աշխատողներ:

«Հանրապետականն էլիտար կուսակցություն չէ, որ իր մեջ ընդունի միայն  գիտության դոկտոր, ակադեմիկոսների և մտավորականության ներկայացուցիչների: ՀՀԿ-ն, որպես ժողովրդի մի մաս, իր մեջ ներառում է ժողովրդի տարբեր հատվածների ներկայացուցիչների: ՀՀԿ-ին հաջողվել է Հայաստանի քաղաքական դաշտում երևի Դաշնակցության հետ միասին միայն ստեղծել գաղափարական-քաղաքական ուժի նախադեպ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե Դաշնակցության պարագայում դա ավանդական ժառանգություն է, ապա Հանրապետականը ստիպված էր դա ստեղծել իր գոյության 25 տարիների ընթացքում՝ խարսխելով իր գաղափարախոսությունը նժդեհականության վրա՝ հասկանալով, որ այդ գաղափարախոսությունը պետք է արդիական լինի նաև 21 դարում: 

«Ազգային պահպանողականությունը, քրիստոնեադեմոկրատական շեշտադրումները մեր ծրագրային դրույթներում ամեն համագումարից հետո ամրապնդվում են,-ասաց Արմեն Աշոտյանը,-պատահական չէ, որ ՀՀԿ-ն առաջիններից մեկը դարձավ եվրոպական համանման քաղաքական ընտանիքի անդամ: 2011 թվականից ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է: Լինելով ազգային քաղաքական միավոր՝ ՀՀԿ-ն միջկուսակցական կապերը ծառայեցրել է բացառապես ազգային և պետական շահերն առաջ տանելու համար: Ամենավառ օրինակը ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից ընդունված աննախադեպ բանաձևն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:

Դիտարկմանը, թե այսօր, երբ Հանրապետականն իշխող քաղաքական ուժն է և միակ պատասխանատուն երկրի քաղաքական վիճակի, հաճախ համեմատականներ են տարվում կոմունիստական կուսակցության հետ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Քաղաքական դաշտի սարսափելի մակերեսային ընկալում պետք է ունենալ, որպեսզի նման մեղադրանքին հավատալ: Հայաստանում չկա միակուսակցական համակարգ, Հայաստանում միակուսակցական է իշխանությունը, իշխանությանը զուգահեռ կա բազմակուսակցական ընդդիմություն»:

Նա հիշեցրեց, որ կոալիցիոն գործընկերները կամովին են դուրս եկել տարբեր տարիների կոալիցիաներից:

«Մենք սովոր ենք մեր բեռը տանել: Եթե այդ բեռը տանող քաղաքական ուժեր կարող են հայտնվել և մեզ հետ գալ համաձայնության, բարի, կթողնենք կիսել այդ ծանրությանը։ Եթե ոչ, ապա մենք պատրաստ ենք այդ ծանրությունը շարունակել տանել միայնակ: Կարծում եմ, որ իշխանությունն իրականում պատասխանատվություն է նախ և առաջ:  Խոսել Հայաստանում կոմունիստական հասարակարգին նմանությունների մասին, պարզապես զվարճալի է, որովհետև այն բազմակուսակցական համակարգը, բազմակարծության այն աստիճանը, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության այս աննախադեպ մակարդակը, որ ունենք Հայաստանում, վկայում է այն մասին, որ մենք իրականում ժողովրդավարական և քաղաքացիական պետության կառուցման ճանապարհին ենք»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը շնորհավորեց բոլոր տարիների հանրապետականներին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ձայն են տվել ՀՀԿ-ին, միշտ եղել են կուսակցության կողքին, կուսակցության հետ միասին աշխատում են հանուն երկրի հետագա ապագա զարգացմանը:

«Հանրապետականն իրոք այն քաղաքական ուժն է, որ եթե պատկերավոր ասեմ, հայկական քաղաքական ներկապնակում տղամարդ քաղաքական ուժ է, որին կարելի է վստահել և որին պետք է հենվել»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը: