19:49 , 2 ապրիլ, 2015
Armtimes.com-ը գրում է.
Հայտնի դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի ու Նելլի Խերանյանի՝ Հայաստանի թատերական գործիչների միությունից դուրս գալու որոշումն արդյո՞ք կապ ունի օրեր առաջ միության անցկացրած «Արտավազդ» մրցանակաբաշխության հետ:
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տ.Ներսիսյանը ներկայացված էր «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ Երրորդ» ներկայացման մեջ դերակատարման համար, սակայն երեկ մեզ հաջողվեց պարզել, որ մրցանակաբաշխությունից 2 օր առաջ Ներսիսյանը դիմել է ժյուրիին ու խնդրել իր անունը հանել քվեարկվողների ցանկից: «Առավոտը» իր երեկվա համարում տեղեկացրել է ամուսինների՝ Թատերական գործիչների միությունից դուրս գալու մտադրության մասին՝ փոխանցելով նրանց խոսքը:
«Այլեւս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաեւ տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի համար, ինչը կկրենք մեր հոգում եւ սրտում հավետ»,- ասել է Ներսիսյանը, իսկ Նելլի Խերանյանը հավելել, որ անդամատոմսերը միություն կուղարկեն ծրարով: Երկու դերասաններն էլ մեր զրույցում երեկ հրաժարվեցին մանրամասնել իրենց դրդապատճառների մասին: Նաեւ ասացին, թե «Արտավազդի» վերաբերյալ չեն մեկնաբանում ոչինչ, այդ թվում՝ իրենց որոշման կապը այդ մրցանակաբաշխության հետ: