Մենք մեծապես թուլացել ենք ԵՏՄ անդամակցությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան


19:13 , 2 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօրվա ռոմանտիկը վաղվա իրատեսը կդառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայերի հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ որոշ խնդիրներ պետք է սկզբունքային  դրվեն: «Այս հարցը ռազմավարական, իրավունքների վերականգնման խնդիր է, սակայն մարտավարական կիրառում կարող է ունենալ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ «օկուպացիա»  բառը միջազգային հանրությունում օգտագործում են թուրքերը և ադրբեջանցիները: «Այստեղ կա ֆունդամենտալ խնդիր, սա հայրենատիրության խնդիրն է, և չեմ կարծում, թե անիրատեսական է»,-ասաց նա և նշեց, որ  մենք իրավունք ունենք խոսել թուրքական և ադրբեջանական օկուպացիայի մասին:

Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Դա մեծապես վտանգում է մեր ինքնիշխանությունը,  հակասահմանադրական քայլ ենք համարում, և թուլացնում է ո´չ միայն մեր ինքնիշխանությունը, այլև՝ արտաքին օրակարգը իրացնելու խնդիրը, մենք մեծապես թուլացել ենք այդ անդամակցությամբ»,-ասաց նա:

Ի դեպ՝ օրենքի նախագծի վերաբերյալ «Ժառանգության» կազմակերպած քննարկմանը հրավիրվել էր նաև  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը,  սակայն Զարուհի Փոստանջյանն ասաց, որ թեև նա համաձայնել էր գալ և  ելույթ ունենալ, սակայն չէր ներկայացել` պատճառաբանելով, որ պետք է գնա պաշտպանության նախարարություն: