19:07 , 2 ապրիլ, 2015Armenpress.am-ը գրում է.
Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի օրը` ապրիլի 24ին մեկ ժամ տևողությամբ նիստ կգումարվի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը` նշելով, որ տարելիցի օրվա մոտենալուն զուգահեռ խորհրդարանում ավելի են ակտիվացել քննարկումները «ցեղասպանություն» եզրույթի կիրառման վերբերյալ: Ապրիլի 24ի նիստում նախատեսվում է քվեարկության ներկայացնել մի բանաձև, որի պատրաստման համար ստեղծվել է չորս կուսակցության ներկայացուցիչներից բազկացած ոչ պաշտոնական աշխատանքային խումբ:
Գերմանական Tagesspiegel պարբերականը գրում է, որ տարաձայնություններ են ի հայտ եկել ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև` կապված «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու հարցի հետ: Այն դեպքում, երբ ձախակողմյաններն ու Կանաչների կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվում կատարվածը «ցեղասպանություն» կոչելուն, կառավարությունն ու կոալիցիոն ուժերը այդ գաղափարին դրական չեն վերաբերվում:
Նույն լրատվականի տեղեկացմամբ` նախորդ շաբաթվա վերջին իշխանական Քրիստոնեադեմոկրատական միությունը Սոցիալդեմոկրատականների հետ միասին ներկայացրել էր մի բանաձև, որի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն երկրի արտգործնախարարությունը կարգադրել էր այն հանել:
Ըստ գերմանական Tagesspiegelի` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայացրած որոշումը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ ամռանը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, իսկ նման բանաձևը կարող է դիտվել որպես թուրքական պետության դեմ ուղղված քայլ: Բացի այդ, Գերմանիան ցանկանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիային ունենալ որպես դաշնակից: