18:31 , 2 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Կատարելագործման դինամիկ փուլում գտնվող հայկական ռազմարդյունաբերության համակարգի անքակտելի մասն այսուհետ կկազմի նաև հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամասը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից և նշում, որ ինչպես փաստել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա:
Բացի դրանից` ստեղծվելու են նոր աշխատատեղեր, այդ կերպ նպաստելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում, պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:
Ի նշանավորումն նոր արտադրամասի շահագործման և որպես գործնական հաջողությունների ամրապնդման խորհրդանիշ՝ արտադրամասի բակում հիմնվել է նաև եղևնիների փոքրիկ պուրակ: