16:03 , 2 ապրիլ, 2015
Լուսնի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լուսինն անցնում է Երկրի ստվերի տակ։ Այս հատվածը հայտնի է որպես կիսաստվեր, և դրանում Արեգակի լույսը արգելափակվում է մեր մոլորակի կողմից։ Լույսն այլ կերպ է ճառագայթաբեկվում մթնոլորտում, և երբ այն բախվում է լուսնին, լուսինը կարմրում է։ Ամբողջական խավարման ժամանակ լուսինն ամբողջովին ստվերի տակ է գտնվում ու ստանում է կաս-կարմիր գույն։

Այս կիրակի օրը մենք բնության այս զարմանալի երևույթի ականատեսը դառնալու հնարավորություն կունենանք։ Զատիկին լուսինը մի լավ կշիկնի։ Լուսնի ամբողջական խավարումը լավ տեսանելի կլինի կիրակի գիշերը Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում ու Ավստրալիայում։ Ամերիկացի հոգևոր հովիվներից մեկը՝ Ջոն Հեջին, ասում է, որ այս իրադարձությունը կանխատեսված է Աստվածաշնչում և նախանշում է աշխարհի վերջը, սակայն ցայտնոտի մեջ ընկնելու հարկ չկա. ՆԱՍԱ-ն հավաստիացնում է, որ լուսնի խավարումը միանգամայն անվնաս է։ Սա 3-րդ այսպես կոչված «արյունոտ լուսինն» է այս տարվա մեջ։ Հոգևորականը հղում է կատարում Ավետարան ըստ Հակոբոսին. «Արևը կխավարի, և լուսինը կարյունոտվի նախքան Բարձրյալի գալստյան կարևոր օրը»։ Ըստ պրն. Հեջիի՝ արյունոտ խավարման համընկնումը Զատիկի կիրակիի հետ վկայում է այն մասին, որ այդ օրը տեղի է ունենալու մի այնպիսի կարևոր իրադարձություն, որը կփոխի ողջ աշխարհը։

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ ամբողջական խավարումն ԱՄՆ-ում կտևի ընդամենը 5 րոպե, այնինչ Ավստրալիայի, Ճապոնիայի, Չինաստանի ու Հարավարևելյան Ասիայի բնակիչները հնարավորություն կունենան 12 րոպե վայելել ամբողջական խավարումը։ Այս տարի ևս մեկ արյունոտ խավարում կգրանցվի. տարվա վերջին արյունոտ խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, եթե, իհարկե, ինչպես հոգևորականն է նշում, մինչ այդ աշխարհի վերջը չլինի։ Դե ինչ, ինքներդ որոշեք՝ ՆԱՍԱ-ին հավատալ, թե հոգևորականին։
