Կառավարությունը շահութահարկի արտոնություն է սահմանել


14:54 , 2 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ կառավարությունը հաստատել է արտահանման ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը, սահմանել, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից յուրաքանչյուր արտահանման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս:

Գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարը առնվազն 40 մլրդ դրամ է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: 2 տոկոս դրույքաչափ է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարը առնվազն 50 մլրդ դրամ է: Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թույլ կտան բարելավել Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որպեսզի տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա: