14:01 , 2 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սուրբ Հարություն տոնին հաջորդող երկուշաբթին համարել ոչ աշխատանքային:
Զեկուցող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է խոսքը վերաբերում միայն Զատկին հաջորդող օրվան և ոչ մյուս բոլոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին:
«Բանն այն է, որ հասարակությունում կան տարբեր կարծիքներ, կան խմբեր, որոնք աջակցում են այս որոշմանը, սակայն կան նաև նրանք, ովքեր համարում են, թե տնտեսական զարգացման այս պայմաններում դա խաթարում է տնտեսական ակտիվությանը։ Հատկապես դեմ են խոշոր ձեռնարկատիրությունները, որոնց աշխատանքը կապ ունի այլ երկրների հետ ունեցած աշխատանքի հետ»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է պահանջում, և վարչապետը հանձնարարել է Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ կատարել ուսումնասիրություն, որպեսզի հիմնավորված որոշում կայացնեն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց նաև, որ քանի որ ԵՏՄ երկրներում շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են, ապա Հայաստանում երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը՝ շաբաթ օրով փոխարինելը, արդյունավետության առումով դրական չի լինի: Նա նշեց, որ իրենք ևս կարծիք են հայտնել, թե այս տնտեսական լարվածության պայմաններում դա կխաթարի աշխատանքը:
Կառավարությունը խոսք տրամադրեց նաև Արշակ Սրբազանին:
Հիշեցնելով, որ կան հինգ տաղավար տոներ՝ նա անդրադարձավ 2008 թվականին ընդունված կառավարության որոշմանը, ըստ որի՝ տաղավար տոներին հաջորդ աշխատանքային օրերը վերաբաշխվել են և մարդկանց հնարավորություն է տրվել մեռելոց օրերին այցելել գերեզմաններ:
«Ընդունում եմ, որ պետք է քննարկումներ անել»,-ասաց նա և նշեց, որ հասարակության որոշ քննադատությունները մեռելոցների դեմ հրահրված արշավ կարող է համարել:
Սրբազանն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են բնակչության 96 տոկոսը և կոչ արեց տալ այդ մարդկանց հնարավորություն մեռելոցներին այցելել գերեզմաններ:
«Ես նախագիծ չեմ ներկայացրել, բայց կոչ եմ անում այն ընդունել»,-հավելեց նա:
Վարչապետը նշեց, որ թեև քննարկումներ կլինեն, սակայն չի կարծում, որ պաշտոնյաներից որևէ մեկը կխոչընդոտի աշխատողներին այցելել գերեզման։
«Ես առաջարկում եմ՝ աշխատենք, փորձենք քննարկումներ անել՝ ընդգրկելով հասարակությանը: Կառավարությունը խնդիր չունի»,-ասաց նա: