Նոր նախագծով կառուցապատման ներդրումային դաշտը կբարելավվի. Նարեկ Սարգսյան


12:20 , 2 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակն է կառուցապատման ներդրումային դաշտը բարելավել, անհարկի գործառույթները կրճատել, և ներկայացվում է գլխավոր հատակագծերի հաստատման, առանձին դրույթների փոփոխման և մասնավորապես հողերի կատեգորիաների կամ նպատակային նշանակության փոփոխության կամ հողամասերի գործառնական նշանակության  փոփոխությանը վերաբերող գործառույթները:  

Նա նշեց, որ այս որոշումով զգալիորեն կրճատվում են այս գործառույթները, բարելավում է ներդրումային դաշտը և նաև անհարկի բոլոր կրկնությունները և ոչ նպատակահարմար գործառույթները վերացվում են:  Նա հայտնեց, որ  որոշումը քննարկվել և արվել  է օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի հետ համատեղ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հարցրեց, թե քանի համայնքներում կան գլխավոր հատակագծեր, ինչին  ի պատասխան նախարարը հայտնեց, որ

49 համայնքներից գլխավոր հատակագծեր ունեն 43-ը, իսկ գյուղական 866 համայնքներից՝ մոտավորապես 60-ը:

«Մինչ հիմա հատակագծի ցանկացած փոփոխություն արվում էր նույն պրոցեդուրաներով, ինչ-որ գլխավոր հատակագծի հաստատման համար էր արվում, ինչը շատ ծանր գործառույթ էր և ամիսներ էր տևում, հիմա մենք պարզեցրել ենք շատ»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ գյուղական  համայնքների մեծ մասը հնարավորություն չեն ունենալու վճարելու գլխավոր հատակագիծ ձեռք բերելու համար, թեև դա իրենց շահերից է բխում և ազատվում են իրենց նախագծերը տարբեր նախարարությունների կարծիքին ուղարկելուց:

«Հիմա տեսնում ենք,  որ սայլը տեղից չի շարժվում օբյեկտիվ պատճառներով, որ համայնք կա տասը, քսան, կամ հինգ միլիոն բյուջե ունի և պարզ է, որ չի  կարողանալու այդ գումարը տրամադրել գխավոր հատակագիծ ձեռք բերելու համար»,-ասաց նա և առաջարկեց այդ հարցը քննարկել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ֆինանսների նախարարության հետ:

«Մտածեք, քննարկեք, մենք այս հարցում առաջընթաց չենք գրանցել և սպասելով՝ ոչ մի հաջողության չենք հասել»,-ասաց նա:

Նարեկ Սարգսյանը արձագանքեց, որ ռազմավարությունը լիարժեք ձևավորված է և շուտով քայլերը կանեն: