12:32 , 2 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անարդար է անվանել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ կառավարությանն ուղղված քննադատությունը՝ նշելով, որ պետության ղեկավարը երբեք չի եղել իր հետ համագործակցության նախաձեռնող, փոխանցում է newsgeorgia.ru-ն։
Ինչպես հայտարարել էր Մարգվելաշվիլին՝ նրանից, որ կառավարության անդամները չեն եկել խորհրդարան, որտեղ ամենամյա հաշվետվությամբ օրերս ելույթ է ունեցել ինքը, տուժել է ոչ թե նախագահական ինստիտուտը, այլ պետությունը։
«Ինձ համար մի փոքր վիրավորական է, երբ խոսում են թիմային լինելու մասին և, միևնույն ժամանակ, մենք լսում ենք, իմ կարծիքով, անարդար քննադատություն կառավարության անդամների, կառավարության աշխատանքի հասցեին մեր թիմի անդամի՝ նախագահի կողմից։ Դա շատ տխուր է ինձ համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ երկրի բնակչությունն ընտրել է գործող իշխանությանը «ոչ թե նրա համար, որ լսի նախագահի քննադատությունը կառավարության հասցեին կամ իր պատասխանները նախագահին»։
«Կարծում եմ՝ ամոթ է։ Մենք դրա համար ժամանակ և շքեղություն չունենք, մենք իրավունք չպետք է վերապահենք մեզ ժամանակը ծախսելու այնպիսի հարցերի վրա, որոնք առաջնային չեն մեր երկրի բնակչության համար»,- նշել է վարչապետը։