11:52 , 2 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:
Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:
Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: