10:50 , 2 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին: 2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր: Այս մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճում է (ըստ միջազգային վիճակագրական տվյալների` հիվանդության դեպքերի հաճախականությունը ներկայումս կազմում է 125: 10000, 1999թ.` 6-7: 10000-ի դիմաց):
Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված է նաև ախտորոշման բարելավման հետ: Իսկ անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի համաճարակի մասին:
Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:
Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը:
Խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումը օրեցօր դառնում է արդիական:
Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում` ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն` 2007-2014թթ. ընթացքում, հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 882 առաջնակի ախտորոշված դեպք /համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118, 121, 150, 157/:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ