08:26 , 2 ապրիլ, 2015
«168 ժամ» օրաթերթը գրում է.
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո հայ պաշտոնյաների հիմնական զբաղմունքը հասարակությանը համոզելն էր, որ «լավ է լինելու»: Այդ հայտարարություններին քչերն էին հավատում՝ ոչ միայն այն պատճառով, որ իշխանություններին Հայաստանում վաղուց դադարել են հավատալ, այլ, որովհետև անգամ պաշտոնական թվերով՝ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության երեք ամիսների ընթացքում միայն տուժել է, ընդ որում, տուժել է սարսափելի չափով: Կտրուկ նվազել է արտահանումը դեպի ԵՏՄ անդամ երկրներ, առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, նվազել են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները, և այդպես շարունակ: Այսինքն՝ կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունից տնտեսապես միմիայն տուժում է՝ քաղաքականապես կորցնելով ինքնիշխանությունը: Ռուսները հասկանում են, որ այս պայմաններում հայ հասարակությունը, մեղմ ասած, սկսելու է տարակուսանքով վերաբերվել ԵՏՄ-ին անդամակցությանը: Հասկանում են ու դրա համար պայքարում են տարբեր ճակատներով:
Երկու օր առաջ Հայաստանում ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Սերգեյ Նարիշկինն էր առանց այլևայլությունների սպառնում՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, «վատ կլիներ», և նույնը կլինի, եթե շարունակի հարաբերությունները ԵՄ-ի հետ, երեկ էլ ԵՏՄ-ական ինչ-որ տնտեսագետներ էին փորձում համոզել, թե դեռ վաղ է հետևություններ անել ԵՏՄ-ին անդամակցության արդյունքների վերաբերյալ: Արդյունքները, ըստ նրանց, տեսանելի կլինեն 6 ամիս հետո: Հասկանալի է, որ ոչ 6, ոչ էլ 60 ամիս հետո Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց օգուտներ չի ունենալու: Պարզապես ռուսները հասկանում են, որ պետք է ժամանակ առ ժամանակ Հայաստանում սպառնալիքներ ու «լավատեսություն» հնչեցնել, որ հանկարծ հայ հասարակությունն «այլ ուղղությամբ» չմտածի: Ըստ ամենայնի, Ռուսաստանում հասկանում են նաև, որ խնդիրներ չունենալով Հայաստանի իշխանության հետ, այսպես շարունակվելու դեպքում, խնդիրներ կարող են առաջանալ հասարակության շրջանում»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։