18-20 տարեկան զինվորները շատ ավելի հասուն են, քան շատերը նրանցից, ովքեր նրանց երեխա են համարում և առաջարկում առաջնագիծ չտանել


22:00 , 1 ապրիլ, 2015

1991-1994 թ-երի հայկական զինուժը հիբրիդային էր և վարում էր նաև այդպիսի պատերազմ: Կազմավորված էր թե պարտադիր զորակոչի և թե կամավորական հիմունքներով, թե պրոֆեսիոնալներից և թե ինքնուսներից: Այն հիբրիդային էր նաև իր տարիքային կազմով: 16-50 և ավելի տարիքով անձիք որպես զինվոր կամ հրամանատար կողք կողքի էին կռվում, սակայն հիմնական մարտական ուժի տարիքը տատանվում էր 20-30 միջև: Չեմ կարող ասել, թե 18 տարեկանը նվազ մարտունակ էր, քան 28-ը: Դա կախված էր նաև կոնկրետ անձից և մարտական փորձառությունից: Նույնիսկ շատ կարճատև մարտական փորձառությունը կարող էր 10-15 տարով «մեծացներ» 18 տարեկան երիտասարդին: Անկեղծ որ ասեմ, չգիտեմ, թե հիմա այս առումով ինչպիսի վիճակ է հայկական բանակում: Ասենք պայմանագրայիններին առանձի՞ն դիրքեր են վստահված, զորակոչայիններին՝ առանձին, թե՞ նրանք «խառնված» հիբրիդային վիճակներում են, բայց երևի թե ամենաճիշտ ձևը կլիներ իր շտկելի թերություններով հանդերձ:
Հ.Գ. Երեկ Ստեփանակերտ-Երևան երթուղայինում առիթ ունեցա զրուցելու 18-20 տարեկան զինվորների հետ և էն տպավորությունը ստացա, որ իրենք թե ինտելեկտի, թե խորաթափանցության և թե էմոցիոնալ պատրաստվածության առումով շատ ավելի հասուն էին, քան շատերը նրանցից, ովքեր նրանց երեխա են համարում և առաջարկում առաջնագիծ չտանել: