Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բոլոր վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են (Տեսանյութ)


20:02 , 1 ապրիլ, 2015

97137e318c1f4b7fcdb31759616d2d84Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ այսօր՝ ապրիլի 1-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Audi-ի և Ikarus-ի վարորդների և վիրավորների տվյալները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է. Ikarus-ը վարել է Երևանի Նուբարաշենի խճուղու 5/5 շենքի բնակիչ, 69-ամյա Երջանիկ Գրիգորյանը, իսկ Audi A6 ավտոմեքենան՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ, 23-ամյա Վալերիկ Մովսիսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վ. Մովսիսյանը և նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Էդգար Գևորգյանը, 21-ամյա Սարգիս Սարգսյանը և 21-ամյա Հարություն Մովսիսյանը: Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ Audi-ի վարորդ Վ. Մոսվսիսյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պահեստապետ է, իսկ նրա ուղևորները՝ պայմանագրային զինծառայողներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել էին Audi A 6 մակնիշի 67 QQ 001 համարանիշի և Ikarus 256 մակնիշի 109 ԼՏ 28 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Audi-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց: Վթարի հետևանքով Audi-ի վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր կայուն: Վթարի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ վիրավորներին տեղափոխել էին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենաների մեջ:

Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: