Ամենատարօրինակ արգելքները` տարբեր երկրներում


19:02 , 1 ապրիլ, 2015

Barometer.am-ը գրում է.

Բուրունդի` վազել խմբերով

Այս երկրում երկար տարիներ հակամարտում էին տարբեր էթնիկական խմբեր, այդ ժամանակ բնակիչներից շատերը խմբերով վազք էին կազմակերպում` մի կողմից կուտակված բացասական էներգիան սպառելու համար, մյուս կողմից, որպեսզի հարկ եղած դեպքում համախմբված պատասխան հասցվի հակառակորդի զինված խմբերին: Պայքարը դադարեց վերջին տասնամյակում և 2014թ.-ի մարտին երկրի նախագահ Պիեր Նկուրունզիզան արգելեց երկրում վազել խմբերով` հայտարարելով, որ դրա միջոցով որոշ մարդիկ քողարկում են իրենց կործանարար գործունեությունը: Ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ խմբային վազքերի մասնակցելու համար բանտ ընկան:

Իրան` տղամարդկանց մազերը պոչ կապած սանրվածք անել

Իրանի կառավարությունը 2010 թվականին հրապարակել է տղամարդկանց թույլատրված սանրվածքների ցուցակը, որտեղ արգելված են "պոչիկները", "բիզ-բիզ" մազերով սանրվածքները և սանրվածքի այն տեսակը, երբ կողքերից մազերը կտրված են, իսկ ետևում` երկար: Հիմա պարզ է Երևանի փողոցներում այս օրերին հաճախ հանդիպող անխտիր բոլոր պարսիկ տղաների տարօրինակ սանրվածքների պատճառը` իրենց մոտ արգելվածը փորձում են գոնե այստեղ փորձել:

Սինգապուր` ծամոն ծամել

Ավելի կոնկրետ` այստեղ արգելված է ծամոնների ներմուծումն ու վաճառքը, ինչի պատճառով տեղացիներն ուղղակի այն ձեռք բերելու հնարավորություն չունեն: Նրանց համար, ում ծամոն ծամելը խորհուրդ է տրվում բժշկական նկատառումներով` արվում են բացառություններ: Այս օրենքն ընդունվել է 1992 թվականին, երբ ինչ-որ մեկը ծամոն էր կպցրել գնացքի դռներին, ինչը խանգարել էր դրանց փակվելուն և ուղևորներից մեկն ընկել էր գնացքի ռելսերի վրա:

Ճիշտ որոշում, նաև հաշվի առնելով այն փաստը, որ ծամոնը ոչ մի կերպ հողի մեջ չի լուծվում:

Չինաստան` ճանապարհորդություն ժամանակի մեջ

Իրականում խոսքը ժամանակի մեջ ճանապարհորդությունների մասին ֆիլմերի և հեռուստատեսային շոուների մասին է: Չինական իշխանությունները որոշել են, որ ժամանակի մեջ ճանապարհորդություններին գեղարվեստական անդրադարձը լուրջ պատմական փաստերը թևթևամտորեն է մեկնաբանում:

Հյուսիսային Կորեա` կապույտ ջինսեր

Սև ջինսերը չէ, այլ հենց կապույտ գույնի ջինսերը: Այս գույնը, ըստ ամենայնի, ասոցացվում է ԱՄՆ-ի հետ, այդ պատճառով Հյուսիսային Կորեայում որոշել են` խելամիտ կլինի այն միանգամից արգելել:

Մեծ Բրիտանիա` մահանալ Պառլամենտի պալատներում

Անհասկանալի է, ինչպես խախտողը պատիժ կկրի, բայց փաստը մնում է փաստ` մահանալ Պառլամենտի պալատներում արգելվում է: Իսկ պատճառը այն է, որ այդտեղ մահացած մարդկանց թաղման ծախսերը պետք է հոգա պետությունը, ինչը, պարզ է, պետությանը ձեռնտու չէ:

Գերմանիա` առանց բենզինի հայտնվել ճանապարհային մեծ մայրուղիների վրա, որտեղ չկան լուսակիրներ և խաչմերուկներ

Իսկ եթե, ամեն դեպքում, բենզինը ձեր մոտ վերջացել է, նույնիսկ մտքով էլ չանցկացնեք ոտքով հասնել մինչև մոտակա բենզալցակայանը, քայլելն այս մայրուղիներով նույնպես արգելված է:

Հարավաֆրիկյան Հանրապետություն` նախագահի տունը նկարել, հրապարակել

Անցյալ տարի Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը հայատարարեց, որ այլևս արգելվում է երկրի նախագահ Ջեյքոբ Զումայի տունը նկարել և այդ նկարները տարածել նույնիսկ հեղինակավոր ամսագրերին: Չնայած այս արգելքին` բոլոր հեղինակավոր թերթերը անտեսեցին հայտարարվածը և շարունակում են հրապարակել նախագահական տան նկարները:

Ֆիլիպիններ` երգել Ֆրենկ Սինատրայի My way երգը

Այս արգելքը գործում է դե-ֆակտո, պաշտոնապես այս երգն արգելող օրենք չկա, բայց շատ կարաոկե ակումբներում երգը երգելն արգելվում է: Պատճառը այն է, որ երգը դարձել է Ֆիլիպիններում արդեն 6-րդ սպանության պատճառը: Առաջին դեպքը եղել է 2007 թվականին, երբ այս երգը կատարող երիտասարդին կրակելով սպանել է ակումբի անվտանգության աշխատակիցը: Ֆիլիպններում կարծում են, որ երգի մեղեդին "ամբարտավան" տոն է պարունակում: Այս ֆենոմենը ստացել է "My Way-ի սպանություններ" անվանումը:

Թայլանդ` "Աննան և թագավորը" ֆիլմը

1999 թվականին թողարկված այս ֆիլմը` Ջուդի Ֆոսթերի և Չոու Յունֆատի մասնակցությամբ մի լավ բարկացրել է թայլանդական գրաքննիչներին, ովքեր կարծում են, որ այն արատավորում է թագավորական ընտանիքի պատիվը և խեղաթյուրում երկրի պատմությունը: Դեռ 1930 թվականին ընդունված օրենքի համաձայն, ֆիլմերը, որոնցում անհարգալից վերաբերմունք է ցուցադրվում միապտեության նկատմամբ, ենթակա են արգելքի, իսկ հեղինակները նույնիսկ կարող են բանտ ընկնել:

Հարավային Կորեա` համացանցային խաղեր կեսգիշերից հետո

2011 թվականին "shutdown օրենք" կոչվող օրենքով Հարավային Կորեայում սահմանափակում մտցվեց 16 տարեկանից փոքր տարիքի երեխաների նկատմամբ` արգելվում էր կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը համակարգչային խաղեր խաղալ: Սակայն վերջերս, ծնողների խնդրանքներից ելնելով, սահամանափակումը չեղյալ հայտարարվեց, իսկ ընդունվել էր այս օրենքը կորեացիների խաղային կախվածությունը հնարավորինս նվազեցնելու համար:

Ճապոնիա` պարել ակումբներում

Կարող է տարօրինակ թվալ, որ սա մի երկրում է, որտեղ կա այնպիսի քաղաք, ինչպիսին Տոկիոն է, որը հայտնի է իր գիշերային կյանքով: Բայց դա ճիշտ է: 1948 թվականին երկրում ընդունվեց օրենք, որի համաձայն` հասարակակության բարոյականությունը պաշտպանելու նպատակով պարել թույլատրվում է միայն դրա համար նախատեսված հասարակական վայրերում, այն էլ` մինչև կեսգիշեր: Սակայն օրենսդիրներն այժմ` Տոկիոյում կայանալիք 2020 օլիմպիադայի նախաշեմին աշխատում են օրենքի վերացման ուղղությամբ: