Միջազգային հանրությունը պետք է Անդրանիկ Գրիգորյանի հետ կատարվածից հետևություն անի. Դավիթ Բաբայան


18:32 , 1 ապրիլ, 2015

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է վիդեոհարցաքննություն, վիդեոտանջանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը շեշտում է, որ ադրբեջանական կողմում Անդրանիկ Գրիգորյանը ենթարկվել է բռնությունների:

«Նրան ենթարկել են բռնությունների: Երևում է, որ նա հոգեբանական և ֆիզիկական վատ վիճակում է: Սա հերթական անգամ փաստում է, որ մենք գործ ունենք աննորմալ, ֆաշիստական պետության հետ, որը խախտում է իրավական, բարոյական, քաղաքական, միջազգային նորմերն ու իրավուքնները: Մենք չպետք է դառնությամբ լցվենք այն խոսքերի հանդեպ, որ ասում է այդ խեղճուկրակ անձնավորությունը: Նա ստիպված է այդպես ասել, նրան տանջում են: Չի բացառվում, որ նրա դեմ քիմիական նյութեր են օգտագործում: Ակնհայտ է, որ նա տեքստը սուֆլյորի վրա է կարդում, նույնիսկ տեղեր կա, որ նրա խոսքը կ տրտել են, շատ վատ մոնտաժ են արել»,- ասաց Դավիթ Բաբայանը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսակը նաև հավելում է, որ կատարվածի առնչությամբ միջազգային հանրությունը պետք է լուրջ հետևություն անի:

«Մենք չենք տեսել այնպիսի հայտարարություն, որը դատապարտում կատարվածը: Նրանք կոչ են անում վերադարձնել դիվերսանտներին, բայց ոչ ոք չի բարձրաձայնում, թե այս խեղճ տղայի հետ ինչպես են վարվում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է հատել սահմանը: