Վարդան Պետրոսյանի գործով քրեական նոր գործ է հարուցվել


17:56 , 1 ապրիլ, 2015

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով մարտի 19-ին քրեական նոր գործ է հարուցվել՝ բժշկական փաստաթղթեր կեղծելու հաղորդման հիման վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին ասաց տուժած Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը:

«ՔՕ 325 հոդվածի 1-ին մասով է քրեական գործը հարուցվել՝ այն է բժշկական փաստաթղթեր կեղծում: Ես կասկածներ էի հայտնել, որ Եղվարդի եւ «Էրեբունի» ԲԿ-ից իրենց ներկայացրած փաստաթղթերը կեղծված  են, հիմա քննություն է իրականացվում»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը համոզված է, որ Քննչական կոմիտեն բազմակողմանի քննություն կկատարի եւ կբացահայտի, արդյոք խախտումներ կան այդ փաստաթղթերում, թե ոչ:

Տուժող կողմի փաստաբանը կասկածի տակ է առել 2 փաստաթուղթ՝ Եղվարդում տրամադրված Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունը եւ «Էրեբունի» ԲԿ-ից տրմադարված Վարդան Պետրոսյանի հիվանդության նկարագրության արձանագրությունը:

«Առաջին փաստաթղթում ստորագրությունների տարբերություն կա, իսկ երկրոդում բացակայում է դատաբժշկական փորձագետի ստորագրությունը»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: