14:14 , 1 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Զատիկի նախապատրաստությունների, առաջիկա սպասվելիք գնաճի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Ամեն տարի Զատիկից առաջ ունենում ենք որոշակի ռիսկեր՝ սկսած թանկացումներից մինչև սննդամթերքի ոչ թարմ լինելը: Այս ժամանակահատվածում ներկրվում են շատ մթերքներ՝ մասնավորապես հավկիթը, որը իր հետ բերում է ռիսկերի նոր քանակ: Այս տարվա պատկերը որոշակի տարբերվում է անցած տարիներից: Առաջին կարևոր փաստն ան է, որ էական գնաճ չունենք: Շուկայում հավկիթի գինը չի բարձրացել էապես՝ 60-ից դարձել է 65 դրամ: Որոշ տեղերում կան հավկիթներ, որոնք շատ ցածր գնով են վաճառվում՝ 40-45 դրամով, ընդ որում ոչ փոքր չափի: Սրա բացատրությունը կարող է միայն այն փաստը լինել, որ ձմռանը մենք ունեցանք հավկիթի մեծ քանակությամբ պահուստ, որը տրամաբանական է՝ սպառվելու է հիմա: Ցավոք սրտի, մեզ մոտ չի ուսումնասիրվում շուկան»:
Շուկան ինքնակարգավորումով է գնում առաջ և սպառողն ինքը պետք է պաշտպանվի, նշեց Բաբկեն Պիպոյանը: «Հավկիթի սպառումը իր չափսերով Հայաստանում գտնվում է երկրորդ տեղում: Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք այս մթերքի թարմության վրա: Մենք ունենք խնդիր պահեստային հավկիթի արտադրության հետ: Մենք հաստատ չենք կարողանա իմանալ մեր գնած հավկիթը արդյո՞ք փետրվարի արտադրողությունը չի: Ես հորդորում եմ չգնել աղտոտված ու ճաքված, ինչպես նաև կասկածելի ցածր գին ունեցող հավկիթները»:
Այս տարի դեռ թանկացումներ չեն գրանցվել որպես այդպիսին, հայտնեց Բաբկեն Պիպոյանը: «Գուշակություններ անել չեմ սիրում, բայց կարող եմ ասել, որ գները նույնը կմնան: Թե ինչպիսին կլինեն գները Զատիկին մնացող վերջին օրը չեմ կարող հաստատապես ասել: Միայն կանաչեղենն է, որն ունեցել է գնի փոփոխություն: Սպառողների համար ներկա պահին ոչ միայն կարևոր է սննդամթերքի գնաճի կանխումը, այլև գնվող սննդամթերքի թարմությունը: Մենք ձկան թարմությունը կարող ենք հեշտությամբ իմանալ, մանավանդ հիմա, երբ ավելի շատ կենդանի ձուկ են գնում սպառողները: Հավկիթի թարմ լինելու հարցն է մեզ մոտ անվերահսկելի: Սպառողը ինքը կարող է իմանալ հավկիթը թա՞րմ է, թե՞ ոչ: Հին հավկիթները, ջրի մեջ դնելուց, միշտ մնում են ջրի երեսին, այնինչ թարմերը՝ սուզվում են»: