Հայ լրագրողի բաց նամակն իր թուրք կոլեգային


14:21 , 31 մարտ, 2015

Այս դեպքում, ցավոք, հայերեն գործընկեր բառը օգտագործել չեմ կարող: Մենք միմյանց անձամբ չենք ճանաչում, սակայն երկուսս էլ նույն գործն ենք անում. համոզում ենք մեր ընթերցողին մեր իրավացիության մեջ: Ես գրում եմ իմ ժողովրդի, նրա պատմության փառավոր ու դժնի էջերի, մշակույթի, հերոսների, հաղթանակների ու կորուստների, պարտությունների մասին, իսկ դու՝ քո: Եվ ես եմ գրում Արարատ լեռան մասին, և դու, և ես եմ գրում Վանա լճի ու Աղթամարի մասին, և դու... Տարբերությունն այն է, որ Արարատն ինձ համար Բիբլիական սրբազան գագաթ է, «անհաս փառքի ճամփա» «սեգ կատար», որին «դար է դիպել վայրկյանի պես ու անցել», գերված սրբավայր, որը ուխտատեղի է դարձել, որի ձյուների մեջ ամփոփեցինք Մասիսների կարոտյալ մեծ բանաստեղծի սիրատոչոր սիրտը, ով պատգամում էր Մասիսների ազատման լուրն իրեն տանել ոչ թմբուկով, ոչ շուքով.... «Քանզի սիրտս շատ է մաշվել Արարատիս կարոտից, որ չմեռնեմ խնդությունից, լուրն ինձ բերեք շշուկով»: Մասիսների ազատագրման նրա հավատն արմատներ ունի իմ հոգում: Քեզ համար մեր սրբազան Արարատը սովորական լեռ է, անունը՝ Աղրիդաղ (ծանր սար): Իմ ու քո դիտակետից անգամ Արարատը տարբեր է: Վանը ազգիս մտավորականության մի ստվար հատվածի ծնողների ծննդավայրն է, որի անունն անգամ առանց արտասուքի չէին արտասանում Վանը կրակների մեջ թողած ու հեռացածները, ում հայրենակարոտ բաղձանքն անմար կրակի նման փոխանցվել է սերունդներին, դարձել հուշ ու կարոտ, դարձել պատգամ «Երգով լինի, զենքով լինի, պիտի գնաք՝ վաղ թե ուշ...»: Քեզ համար Վանը փոքրիկ մի գյուղաքաղաք է ընդամենը, ուրիշ ոչինչ: Վերջին տարիներին նաև տուրիստական շահույթ ապահովող տարածք: Վստահ եմ, գիտես՝ Վան այցելողները սովորական զբոսաշրջիկներ չեն, այլ տատ ու պապերի պատմածներով իրենց պապենական տունը փնտրողներ, իրենց նախնիների ոտնահետքերով քայլել ցանկացողներ, ում հետաքրքրում է՝ կա՞ մեր տաճարն Աղթամարա, ուր կաղոթեր մայրս խեղճ... Զգույշ եղեք, այդ մարդիկ Էրգրից փոքրիկ կապոցներով հող են բերում՝ իրենց տատ ու պապերի, ծնողների շիրիմներին... Ես էլ եմ գրում Կոստանդնուպոլսի մասին, դու էլ: Քեզ համար այն Ստամբուլ է: Ինձ համար այն Պոլիս է, հայկական Բերա թաղամասով, քրիստոնեական աշխարհի ամենաշքեղ կառույցով՝ սուրբ Սոֆիայի տաճարով, 10 զավակների հայր Կարապետ Պալյանով, ում կառուցած բազմաթիվ պալատներից մեկը ներկայումս քո երկրի նախագահի նստավայրն է: Դու նրա մասին ի՞նչ պետք է գրես: Գրես, որ առանց Պալյանների Ստամբուլը Ստամբուլ չէ՞ր լինի: Ինչու՞ պետք է գրես, չէ՞ որ նրա անգամ գերեզմանատեղին մինչև վերջերս հայտնի չի եղել: Այդ ես պետք է ցավով գրեմ, որ օրերս Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող շինհրապարակներից մեկում հայտնաբերվել են Կարապետ Պալյանի և այլ երևելի հայերի գերեզմանները՝ արդեն անընթեռնելի դարձող տապանաքարերով... Դու ուղղակի պիտի զբոսաշրջիկներին հպարտությամբ ներկայացնես հռոմեական Կոնստանդին կայսեր հիմնադրած, հետագայում հայ ճարտարապետների ձեռքով կառուցված ու շենացրած քաղաքն ու... հպարտանաս, ինչպես քո երկրի օդանավակայանների, կայարանների, գլխավոր հրապարակների ամենաերևացող տեղերում է ալ պաստառների վրա շողշողում Երջանիկ է նա, ով թուրք է՝ վերտառությունը: Անկեղծ ասած՝ երջանիկներն այդպես չեն տարփողում իրենց համոզմունքը, երջանկությունը հռետորիկա չի սիրում և չի ընդունում: Դու լավ գիտես, որ դաժան մարդասպանը, ագահ թալանչին, ուրիշի տարածքներն ու ունեցվացքը սեփականացնող աչքածակը չի կարող երջանիկ լինել: Այսօր քաղաքակիրթ աշխարհը փաստում է, որ քո երկիրը միլիոնավոր դոլարներ է վճարել հայոց ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվներում պահպանվող փաստաթղթերն այրելու համար, քանի որ դրանք կարող էին միջազգային դատարանի առջև քո երկրին դժվար կացության մեջ դնել: Այս մասին տեղեկացնում է քո երկրի լրատվական կայքը՝ Դեմոկրատհաբերը ... Օրեր առաջ իմ երկիրն էր եկել ժողովրդիս ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնողներց մեկի՝ Ջեմալի թոռը, ով իր խոսքը սկսեց այսպես. «Սիրելի եղբայրս՝ Հրանտ Դինքը, կյանքով վճարեց և կարողացավ տեղաշարժել կարևոր քարերը, որոնց օգնությամբ կարող ենք հաղթահարել թուրքերի և հայերի պատմական ցավերը...: Անկեղծ ասած՝ նման ստորաքարշությունն իր պապին սպանած ժողովրդի մոտ ինձ հիշեցրեց քո ժողովրդի մի սովորույթը՝ երդվել դիմացինի գլխով, ասել է թե՝ ... քո գլուխն ինձ համար իմ գլխից ավելի թանկ է»: Ես գիտեմ, հիմա դու կասես՝ պատերազմում հաղթում են ուժեղները, մենք ենք հաղթել, կարող էիք՝ դուք հաղթեիք... Դուք չէիք ուժեղը, այլ համաշխարհային պատերազմն արձակեց ձեր ձեռքերը, որոնք վաղուց էին քոր գալիս՝ լուծելու հայկական հարցը: Նշեմ նաև, որ ձեզ հաղթանակ բերած հիմնական ռազմական ուժերը Սարդարապատի ճակատամարտում խայտառակ պարտություն կրեցին հայ աշխարհազորի կողմից: Քո երկիրը հպարտանում է Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակով, որը նշում եք մայիսին: Այս տարի այն տեղափոխել եք ապրիլի 24-ին՝ հավանաբար նպատակ ունենալով «մեծ» երկրի հրավերով խափանել որոշ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը Եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ գերմանական կայսրությանը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871-ին Գերմանիայի կողմից գրավված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը: Աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն քառ/կմ տարածք շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում: Եվ այդ խառնակ ժամանակներում ոտքի տակ գնում էր իմ ժողովուրդը: Ճիշտ է՝ իրենց հոգսերով զբաղված մեծ տերությունների ցավը մենք չէինք, այնուամենայնիվ գտնվեցին նաև մտահոգ գործիչներ, անհատներ, ովքեր հետագայում գրանցվեցին մեր լավագույն բարեկամների պատվո գրքում: Արյան, գաղթի, կոտորածի նախճիրում դուք մոռացել էիք եվրոպացի միսիոներների, ամերիկացի դիվանագետների, ռուս մտավորականների և զինվորականության, աշխարհի առաջադեմ մարդկության, անգամ թուրք հասարակ մարդկանց խիզախությունն ու սկզբունքայնությունը, ում հիշատակը հավերժացնում ենք ազգովի: Ուժեղների կռվում իմ փոքրիկ երկիրն իր տարածքով ընդհատում էր պանթյուրքիզմի կանաչ գույնը քարտեզի վրա: Գիտեմ՝ դու կասես 100 տարվա վաղեմությամբ իրադարձությունների համար ինչո՞ւ եք մեղադրում այսօրվա սերնդին: Աշխարհի գերտերություններն էլ են համոզում մոռանալ անցյալը, ապրել բաց սահմաններով: Սակայն 100 տարվա վաղեմության դեպքերը շարունակվում են նաև այսօր: Եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանին սահմանակից հայերը վտանգ էին ներկայացնում Թուրքիայի նման հսկա պետության համար, ապա բացատրիր խնդրեմ՝ ի՞նչ վտանգ էին ներկայացնում Ջուղայի հարյուրավոր խաչքարերը, որոնք անմարդկային վայրագությամբ խիճի վերածեցին ու ձորը լցրին քո եղբայրները: Հիմա դու կասես. «Մենք թուրք ենք, նրանք՝ ադրբեջանցի, մենք նույն ժողովուրդը չենք. այդ հարցում է՞լ եք մեզ մեղադրում»: Գուցեև չմեղադրեի, եթե գոնե մեկ թուրք լրագրող մեղադրեր հրոսակներին: Քո լռությունը նույնն էր, ինչ աշխարհի գերտերությունների լռությունը 1915 թվականին: Վայրագությունների թվարկումը Ադրբեջանում ու Թուքիայում հեռուն կտանի, միևնույնն է՝ դու ոչինչ չես հասկանա, այլապես օրը կեսօրին Ստամբուլի ամենաբանուկ փողոցում չէր սպանվի Հրանտ Դինքը... Հիմա շատերն են խոսում այն մասին, հատկապես քո երկրում, որ տեղի ունեցած տարհանման արդյունքում մարդկային զոհեր են եղել, գաղթի ճանապարհ, քաղց, ջրի բացակայություն, մարդկային քարավանն ուղեկցողների վայրագություներ... Քո երկրի կառավարությունը մի գլուխ ակնարկում է արխիվները բացելու անհրաժեշտության մասին: Այդ արխիվներում լուսանկարներ կան, որոնք պատիվ չեն բերում քո ազգին. մոլուցքի հասնող հրճվանքով նկարվել գլխատվածների, կախաղան հանվածների, կտրված գլուխների ֆոնի վրա... Այս պահին խոսքս սահմռկեցուցիչ նման նկարների մասին չէ, այլ այն մասին, որ ուշադիր նայելու դեպքում կտեսնես, որ գաղթականների քարավանի մեջ միայն կանայք են և երեխաներ: Տղամարդկանց հավաքել և նախօրոք ոչնչացրել էին: Իսկ դու գիտե՞ս, թե ովքեր էին քուրջ ու փալասի մեջ մի կերպ շարժվող դիականման այդ կանայք ու երեխաները, ինչպիսի կյանքով էին ապրում մինչև քո վայրագ ազգի միջամտությունը նրանց ճակատագրին: Երբեմն հանդիպում են փաստեր, որ թուրքերը փրկել են երեխաների, պատանիների կյանքը: Բայց չեն նշում, որ հետո հայերը «որբը մի ոսկի» գլխագնով գնում էին այդ որբերին, ուղարկում Հայաստան՝ տեղավորելու որբանոցներում: Պատմական արխիվների այդ ո՞ր փաստաթղթերը պետք է արդարացնեն նրանց ճակատագրերի խեղումը: Պատասխան ունե՞ս ինձ տալու: Ցավով գնահատելով ժողովրդիս ճակատագրի ամենաողբերգական էջը՝ հիմա հաճախ է հնչում այն հարցը, թե ինչո՞ւ տղամարդիկ զենք չէին վերցնում՝ պաշտպանելու իրենց երկիրը, ընտանիքը: Նախ՝ չէին ցանկանում արթնացնել գազանին քո ազգի մեջ՝ իմանալով, որ Հյուգոյի բնութագրմամբ՝ «այստեղով թուրքն է անցել», ազգդ բարբարոսաբար վրեժ կլուծի ինքնավարության պահանջներ ներկայացնող մտավորականությունից: Ինչ վերաբերում է զենք վերցնելուն՝ Վանի, Մուսա լեռան, Զեյթունի և այլ ինքնապաշտպանական մարտեր հերոսական էջեր դարձան իմ ժողովրդի պատմության մեջ: Զրկելով պատմական հայրենիքից՝ կարծեցիք, թե հայը քոչվոր կամ մուրացի՞կ է դառնալու: Ոչ, ավելին՝ դրանով դուք ձեզ զրկեցիք այն անհատներից, որոնք պատիվ կարող էին բերել ձեր երկրին: Եղեռնի հետևանքով աշխարհի շատ երկրներ ստացան նշանավոր ու ճանաչված արվեստագետներ, գրողներ, գործարարներ... Եղեռնի արդյունքում գոյացավ Հայկական աշխարհը, որը այսօր անտեսել չեք կարող, որը հարյուրամյա վաղեմության դեպքերը սերնդեսերունդ փոխանցել է այսօրվա սփյուռքահային: Ցանկանո՞ւմ ես՝ քեզ համար բացեմ մի քանի արխիվային լուսանկարներ՝ իմ մակագրություններով: Փորձիր հակառակը պնդել: Չստացվելու դեպքում մեղավորը ես չեմ, այլ այն փաստերը, որոնք անողոք են, անհերքելի... Ես կթարգմանեմ իմ հոդվածը քեզ համար թուրքերեն՝ կարդա և մտորիր, թե ինչո՞ւ հայերը չեն հանգստանում, չեն մոռանում, չեն համակերպվում... Կսպասեմ պատասխանիդ:

ՍԵԴԱ ԽԱՉԱՏՈւՐԻ ԹՈՐՈՍՅԱՆ

Ժուռնալիստների միջազգային միության անդամ

«Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր