10:14 , 31 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Ազգային ժողովում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ ռուսական պատվիրակության անդամները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ այս այցը նույնպես կխթանի մեր երկրների միջպետական հարաբերությունները, կնպաստի հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, մշակութային և հոգևոր մտերմությունը:
ԱԺ նախագահը կարևորել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ այդ ոճրագործությունը պետք է ճանաչվի և դատապարտվի ողջ հանրության կողմից:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են բավականին դինամիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ