
GalaTV.am-ը գրում է.
Գործադիրը բոլորովին վերջերս իր նիստում հավանություն տվեց եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, ՀՀ կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ արտարժութային պարտատոմսերի թողարկումը կառավարության կողմից մշտապես դիտարկվում է որպես պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն անդրադառնալով այս փաստին՝ նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշել է դիմել այս մեթոդին, քանի որ այլեւս Հայաստանին վարկ չեն տրամադրում, իսկ Հայաստանի տնտեսությունն առանց վարկերի ուղղակի չի կարող գոյատեւել:
«Մինչև 2008թ ներգրավված արտաքին միջոցները բավական ցածր տոկոսադրույքով էին, որոնց սպասարկումը լուրջ խնդիրներ չէր առաջացնում բյուջեի համար։ Սակայն վերջին տարիներին արդեն միջազգային ֆինանսական կազմակերպությունները խուսափում են վարկեր տրամադրել ցածր տոկոսադրույքներով։ Արդյունքում, միակ միջոցը զգալի միջոցների ներգրավման վերջին տարիներին մնացել է եվրապարտատոմսերի թողարկումը, որը պետական պարտքի համար չափազանց բարձր տոկոսադրույքով է»։
Ըստ տնտեսագետի՝ սա ինքնին մտահոգիչ երեւույթ է, քանի որ արտաքին պարտքի տեմպերը զգալի ավելացել են եւ ֆինանսական բեռ է, որը մնում է վաղվա ՀՀ քաղաքացու ուսերին.
«Արտաքին պարտքի նման տեմպերի ավելացումը մտահոգիչ է, քանի որ այդ միջոցներն ուղղվում են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, որը պարզապես լրացուցիչ բեռ է դառնում հետագա զարգացման տարիների բյուջեների համար»։
Մ. Առաքելյանի խոսքերով՝ արտաքին միջոցների ներգրավումը արդյունավետ է, եթե դրանք նպաստում են տնտեսության զարգացմանը, իսկ պարզապես բյուջետային ծախսերին ուղղված միջոցները լրացուցիչ խնդիրներ են առաջացնելու տնտեսության համար:
«2009թ-ից պետական պարտքը տարեցտարի ավելանում է, որը որևէ դրական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա։ Արդյունքում, այս ընթացքում պարտքն ավելացել է ավելի քան երեք միլիարդ դոլարով, ինչը առաջիկա տարիներին անհրաժեշտ է վերադարձնել առանց այն էլ հազիվ հավաքագրվող բյուջետային եկամուտների պայմաններում։ Տնտեսական նման քաղաքականության պարագայում արտաքին պարտքի ավելացումը վերջին տարիներին փաստորեն լուծել է միայն օրվա ֆինանսական խնդիրները ՝ առանց մտածելու հետագա տարիների մասին»,-ասաց Առաքելյանը։
