Ո՞ր երկու խելացի ազգերն են ցեղասպանության ենթարկվել XX դարում


12:39 , 29 մարտ, 2015

Lragir.am-ը գրում է.

1990-ականներից տարածված «քաղաքական բարեկրթության» (political correctness) փորձառությունը, ի թիվս մարդկանց սեռային, ֆիզիկական, մտավոր հատկությունների, արգելում է նաև ազգային պատկանելության առավելությունները կամ թերություններն ընդգծելը։ 

Ի՞նչ չափով է այն հարգվում տարբեր երկրներում, առանձին խնդիր է։ 

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու կարծիքով, օրինակ, «այն փաստը, որ բոլոր աղետներից հետո, որ Ռուսաստանի գլխին են թափվել XX դարում, սկսած Առաջին աշխարհամարտից վերջացրած «պերեստրոյկայով», Ռուսաստանը պահպանվել և զարգանում է, խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդն ավելորդ քրոմոսոմ ունի»։ Նա նաև կողմնակից է, որ դպրոցականներն օտար լեզուներ քիչ սովորեն, որպեսզի այդ ժամերի հաշվին ավելի լավ յուրացնեն ռուսերենը։ 

Ինչպես հաճախ պարզվում է ծայրահեղական մարդկանց դեպքում, նրանք կյանքում ուրիշ սկզբունքների են հետևում. «Վիքիպեդիան» հայտնում է, որ Մեդինսկու երեխաները Մոսկվայի անգլիական թեքումով թիվ 19 դպրոցն են գնում, համացանցը լի է պնդումներով, որ Վլադիմիր Ռոստիսլավովիչը ազգությամբ հրեա է, բայց նաև երբեմնի գերազանցիկ ուսանողը տեղյակ չէ, որ ավելորդ քրոմոսոմի առկայությունը Դաունի համախտանիշի մասին է վկայում… 

Եվ, ամենակարևորը, Մեդինսկին չի ասում, թե ո՞ր մի քրոմոսոմի արդյունքում է Ռուսաստանն աշխարհում առաջնային տեղեր զբաղեցնում ծանր հանցագործությունների և բազմաթիվ ուրիշ բացասական երևույթների ցուցանիշներով։ Եվ ինչու է բնական պաշարներով այդքան հարուստ և աշխարհի ամենամեծ տարածքով Ռուսաստանը 2-րդ տեղը զբաղեցնում զարգացած երկրներում ապաստան փնտրող քաղաքացիների թվում՝ գերազանցելով Աֆղանստանին և զիջելով միայն Սիրիային։ 

Քաղաքական բարեկրթության փորձառությունն իր թերություններն ունի, որ այլ թեմա է, բայց այն թույլ է տալիս խուսափել տհաճ հարցերից, որոնք առաջանում են, եթե նույնիսկ որևէ ժողովրդի առաջին տեղն է աշխարհում ապահովում ամենապատվաբեր ցուցանիշներով։ 

Զորօրինակ, հավաստի տվյալների համաձայն, աշկենազի հրեաները (հրեաների 80%-ը) 1950-ից առ այսօր ստացել են Նոբելյան մրցանակների ավելի քան 30 տոկոսը, ինչը շուրջ 120 անգամ գերազանցում է նրանց քանակական ցուցանիշն աշխարհում։ 

Ըստ վիճակագրության, նրանք 1930-ական թթ.-երին Հունգարիայում կազմել են բնակչության ընդամենը 6, բայց բժիշկների 55,7, փաստաբանների 47,2, ճարտարագետների 30,4, բանկային ծառայողների 59,4 տոկոսը, վերահսկել  տնտեսության մի շարք կարևորագույն ճյուղեր։ Համանման պատկեր է եղել նաև այդ տարիների Գերմանիայում ու Լեհաստանում։ 

Նույն բնույթի բազմաթիվ տվյալներ կան Թուրքիայում հայերի զբաղեցրած դիրքի մասին։ Հայ մեծահարուստ Ամիր Բեզեճյանի ունեցվածքը, դիցուք, թույլ է տվել նրան 1828 թ. փրկել Կ. Պոլիսը գրավումից՝ 15 միլիոն ռուբլի ռազմատուգանք վճարելով Ռուսական Կայսրությանը, քանի որ ժամանակի սուլթան Մահմուդը սնանկ էր: 

Միայն թե ոչ հրեաներին, ոչ հայերին մտավոր կարողությունները, դրանց շնորհիվ գրաված բարձր դիրքերը թույլ չտվեցին խուսափել ցեղասպանությունից։ 

Սա, իհարկե, ամբողջապես այն երկրների մեղքն է, որոնք չկարողացան քաղաքակիրթ եղանակ գտնել ազգային փոքրամասնության հետ մրցակցությունից առանց արյուն թափելու դուրս գալու համար (ժամանակին նույն թուրքերն ապաստան են տվել եվրոպական ինկվիզիցիայից փախչող հրեաներին, Շահ Աբասն էլ 17-րդ դարում առանձնաշնորհյալ պայմաններ ստեղծեց իր իսկ բռնագաղթեցրած հայերի համար, որպեսզի զարգացնեն երկրի տնտեսությունը)։ Բայց հայերն ու հրեաներն էլ քիչ բան չունեն մտածելու, թե իրենց ինչ հատկություններ չբավարարեցին, որպեսզի կանխեն ազգային ահավոր ողբերգությունը՝ ցեղասպանությունը։